Հեղինակի արխիվ

Թուրքիայում ծառայության ընթացքում սպանված հայազգի զինվորի գործը կվերանայվի սկզբից

SevagԴիարբեքիրի ռազմական դատարանում տեղի է ունեցել զինծառայության ընթացքում սպանված հայազգի զինվոր Սևակ Բալըքչըի գործով դատական հերթական՝ 20-րդ նիստը: Դատավարության ժամանակ որոշում է կայացվել վերանայել գործն ամենասկզբից: 

Այդ մասին հաղորդում է «Tert.am»-ը:

Բալըքչը ընտանիքը պահանջում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ Ապրիլիի 24-ին, Սևակ Բալըքչըին սպանած Քըվանչ Աղաօղլուին պատասխանատվության ենթարկել կանխամտածված սպանության համար, իսկ Աղաօղլուն պնդում է, որ Սևակի սպանությունը միտումնավոր չի եղել: 

Դատական նիստի ընթացքում ելույթ է ունեցել Սևակ Բալըքչըի հայրը՝ Կարապետ Բալըքչըն, ով պահանջել է ստուգել, թե համաձայն դատական նյութերում առկա փաստերի՝ ով է Սևակին ասել. «Թմբլիկս, քեզ կսպանեմ, սա քո կերած վերջին բլիթն է»:

Ավելի վաղ ապացուցվել էր, որ դատավարության ընթացքում վկաների շրջանում սուտ ցուցմունք տվողներ են եղել, ինչի պատճառն Աղաօղլու ընտանիքի կողմից ստացած սպառնալիքներն են եղել:

Դատական հաջորդ նիստը տեղի է ունենալու 2015թ.-ի փետրվարի 27-ին: 

Շարունակել կարդալ

Հարուցվել է քրեական գործ՝ ադրբեջանական տարածքից հայ գյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ

Investigative Committee of RAՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Պառավաքար գյուղի 43-ամյա բնակչի նկատմամբ ադրբեջանական տարածքից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

2015թ. հունվարի 11-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծում գտնվող  ադրբեջանական «Ալենի բուտկա» կոչվող հենակետից,  ազգային ատելության շարժառիթով, դիտավորությամբ, սպանություն կատարելու նպատակով կրակոցներ են արձակվել վառելափայտ հավաքելու նպատակով Տավուշի մարզի Պառավաքար  գյուղին  պատկանող «Ծատուրանց ձոր» կոչվող հանդամաս մեկնած նույն գյուղի բնակիչ,  43-ամյա Ալբերտ Զոհրաբյանի ուղղությամբ։ Կրակոցների հետեւանքով հայ գյուղացուն պատկանող «Վազ 2121» մակնիշի 34 AD 169 հաշվառման համարանիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: Դեպքի առթիվ Բերդի քննչական բաժնում հունվարի 12-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Դեպքի վայրում առայժմ հնարավոր չի եղել զննություն կատարել, քանի որ տարածքում չեն դադարում հակառակորդի կողմից արձակվող կրակոցները։ Ալբերտ Զոհրաբյանը ճանաչվել է տուժող և  հարցաքննվել: Կատարվում է նախաքննություն: 

 

Շարունակել կարդալ

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային տիրանալու, ինչպես նաև զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ քրգործն ընդունվել է վարույթ

InvestigatoryՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 7-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2014թ. դեկտեմբերի 5-ին` ժամը 01:50-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության աշխատակիցները` ոստիկանության փոխգնդապետ Սուրիկ Խ.-ն և օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ Դավիթ Ա.-ն, ծառայողական ավտոմեքենայով իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ Վանաձոր քաղաքի փողոցներից մեկի բանուկ մասում նկատելով հավաքված անձանց, մոտեցել են նրանց, որի ժամանակ ՀՀ ՊՆ զինծառայող, կապիտան Սարգիս Ս.-ն և նրա որդին, վիճաբանել են ոստիկանության աշխատակիցների հետ և նրանց առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել, այն է` ծեծի են ենթարկել և պատճառել մարմնական վնասվածքներ: Դրանից հետո Սարգիս Ս.-ն առանց հափշտակելու նպատակի փախցրել է հիշյալ ծառայողական ավտոմեքենան և նույն օրն այն թողնելով Վանաձոր քաղաքի փողոցներից մեկում գտնվող շենքի մոտ, հեռացել է:

Դրանից հետո Սարգիս Ս.-ն գնացել է զորամաս, իսկ որոշ ժամանակ անց ստացել է հեռախոսազանգ և զորամասից դուրս հրավիրվել անծանոթ անձի կողմից: Դրանից հետո ոստիկանության մի խումբ ծառայողներ զորամասի մոտ քաշքշել և ծեծի են ենթարկել իրեն, այնուհետև հարկադրաբար նստեցրել են ավտոմեքենան և տարել ոստիկանության բաժին, որտեղ շարունակել են հայհոյել և ծեծել իրեն:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Շարունակել կարդալ

Գյումրիում ընտանիքի սպանության համար կասկածվողը հայտնաբերվել է և ցուցմունքներ է տվել

permyakovՀունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար կասկածվող` ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պավելի Պերմյակովը հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը հայտնաբերվել է ռուս սահմանապահների կողմից` հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս: Ինչպես այդ մասին հաղորդում է «News.am»-ը, Պերմյակովին հաջողվել է հայտնաբերել սահմանի` Բայանդուր գյուղի հատվածում:  

Կայքի հետ զրույցում ոստիկանության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատել է այս տեղեկությունը` նշելով, որ կասկածյալին բռնել են սահմանապահների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում:

Պերմյակովին հայտնաբերելուց և բռնելուց հետո սահմանապահները նրան հանձնել են ռազմաբազայի հրամանատարությանը, այդ մասին «News.am»-ին հայտնել է Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:

Այժմ ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում են և արդեն հարցաքննել են Պերմյակովին: Այդ մասին կայքի թղթակցի հետ զրույցում ասել է ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, ով գլխավորում է ոստիկանապետի հրամանով ստեղծված օպերատիվ խումբը:

Պերմյակովը սկսել է ցուցմունք տալ և պատմել է, որ դուրս է եկել պահակակետից, ցանկացել է մի քիչ զբոսնել, գնացել է այդ հասցեն՝ ջուր խմելու, դուռը ծեծել է, չեն բացել, փորձել է մտնել, այնուհետեւ մարդ է արթնացել, իսկ այնուհետև տեղի է ունեցել այն, ինչ եղել է:

Հունան Պողոսյանի տեղեկացմամբ` այժմ քննարկում են քրեական գործի վարույթը իրականացնելու խնդիրը, դատավարական ընթացակարգերը:

Նյութի մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին ահազանգ էր ստացվել Գյումրիում 6 հոգու սպանության մասին։ Անհապաղ դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում հայտնաբերվել է Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների դիակները՝ Ավետիսյան Սերյոժա Կարապետի, Ավետիսյան Հասմիկ Ռաֆիկի, Ավետիսյան Աիդա Սերյոժայի, Ավետիսյան Արմեն Սերյոժայի, Ավետիսյան Արաքսյա Անդրանիկի, Ավետիսյան Հասմիկ Արմենի (2 տ.):

Ընտանիքի մյուս մանկահասակ երեխան՝ 2014 թվականին ծնված Արմեն Սերյոժայի Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն (Ավստրիական հիվանդանոց)։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5.45 մմ տրամաչափի պարկուճներ, 1 պահունակ՝ փամփուշտներով, զինվորական կոշիկներ, որոնց վրա գրված է եղել Պերմյակով ազգանունը։ 

Շարունակել կարդալ

Ներկայացվել է «Հայերի ցեղասպանության համար միջազգային-իրավական պատասխանատվության հիմքերը» խորագրով իրավական ուղեցույցը

Genocide researchԴեկտեմբերի 26-ին «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի կազմակերպմամբ «Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ համաժողով, որի ընթացքում կենտրոնի հիմնադիրներն ամփոփեցին իրականացված հետազոտության արդյունքները, ներկայացվեց «Հայերի ցեղասպանության համար միջազգային-իրավական պատասխանատվության հիմքերը» խորագրով իրավական ուղեցույցը: Ծրագիրն իրականացվել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի ֆինանսավորմամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:

Ծրագրի ղեկավար, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի համահիմնադիր, ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավաբանական ծառայության պետ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց ծրագրի հիմնական դրույթները՝ ընդգծելով, որ Հայոց ցեղասպանության հարցը պետք է դուրս բերվի զգացական դաշտից և տեղափոխվի իրավական դաշտ, և դրա փոխարեն պետք է ավելի մանրամասն ու հստակ զբաղվել իրավական, իրավաքաղաքական խնդիրներով: Կենտրոնի համահիմնադիր, ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական Եղիշե Կիրակոսյանը, ներկայացնելով իրավական ուղեցույցի հիմնադրույթները, անդրադարձավ ընդդեմ Թուրքիայի հնարավոր դատական ընթացակարգային խնդիրներին՝ ինչպես Հայաստանի Հանրապետության՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ պետության ներգրավման, այնպես էլ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների իրավունքների պաշտպանության և նրանց կողմից պահանջների ներկայացման իրավական հիմքերի համատեքստում: Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ առկա միջազգային իրավական մարտահրավերների, մասնավորապես՝ իրավունքի տեսանկյունից ցեղասպանության ժխտման իրավական բովանդակության ու առկա խնդիրների վերաբերյալ խոսեց կենտրոնի համահիմնադիրներից, ԵՊՀ-ի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս Լևոն Գևորգյանը՝ անդրադառնալով հատկապես «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի հանգամանքներին: Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես եկան նաև Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի տնօրեն, համահիմնադիր Տարոն Սիմոնյանը, ԵՊՀ-ի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ «Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 28-ին Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը կազմակերպել էր հանդիպում-քննարկում, որտեղ ներկայացվեցին Հայոց ցեղասպանության ոլորտին առնչվող արդի մարտահրավերների համատեքստում առկա իրավական խնդիրները, ներկայացվեցին ծրագրի հիմնական ուղղությունները: 

Շարունակել կարդալ

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: