Հեղինակի արխիվ

Բան Կի Մուն,ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը Ստրկության և անդրատլանտյան ստրկավաճառության զոհերի հիշատակման միջազգային օրվա (մարտի 25) առթիվ

Մարտի 25-ը Ստրկության և անդրատլանտյան ստրկավաճառության զոհերի հիշատակման միջազգային օրն է: Շուրջ 400 տարվա ընթացքում` սկսած 16-րդ դարի սկզբից, ավելի քան 15 միլիոն մարդ անդրատլանտյան ստրկավաճառության զոհ դարձավ. այն մարդկության պատմության ամենամռայլ էջերից մեկն է: Միջազգային օրվա առթիվ ուղերձով հանդես է եկել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը.

«Յուրաքանչյուր տարի այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում միլիոնավոր այն տղամարդկանց, կանանց և երեխաների հիշատակին, ովքեր անցել են ստրկության տանջանքների միջով: Վերհիշելով անդրատլանտյան ստրկավաճառության պատճառները, հետևանքները և դրանից քաղած դասերը` մենք վերահաստատում ենք ներկա և ապագա սերունդներին ռասիզմի և նախապաշարմուքների վտանգների մասին իրազեկելու մեր հանձնառությունը:

Այս տարվա հիշատակի օրվա թեման է՝ «Հաղթանակ ստրկության դեմ Հայիթիում և նրա սահմաններից անդին»: Այն հարգանքի տուրք է աշխարհի ժողովուրդների պայքարին ընդդեմ ստրկության և նշում է 210 տարին, ինչ Հայիթին դարձավ ստրկացված տղամարդկանց և կանանց պայքարի շնորհիվ անկախություն ձեռք բերած առաջին երկիրը: Մենք նշում ենք նաև ՄԱԿԳՄԿ-ի (UNESCO) «Slave Route» («Ստրկության ուղի») ծրագրի 20-ամյակը, ծրագիր, որի մեկնարկման նպատակը ստրկավաճառությունը և դրա հետևանքները քողարկող լռության խզումն էր:

Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական գրասենյակում ընթացքի մեջ են ստրկության և անդրատլանտյան ստրկավաճառության զոհերի հիշատակին նվիրված մշտական հուշակոթողի կառուցման աշխատանքները: Այն կհառնի որպես հարատև հիշեցում այն ստրուկների, ստրկության վերացման կողմնակիցների և չգովերգված հերոսների քաջության, ովքեր օգնել են վերջ դնել ստրկության բռնիշխանությանը: Այն կնպաստի, որ ավելի լավ գիտակցվեն ստրուկների և նրանց հետնորդների ներդրումներն իրենց հասարակություններում:

Հուսով եմ՝ այս հուշահամալիրը նաև ոգեշնչման աղբյուր կլինի մեր օրերում դեռևս գոյություն ունեցող ստրկության բազմաթիվ ձևերի դեմ շարունակական պայքար մղելու համար: Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ դառնում են մարդկանց թրաֆիքինգի, պարտքի դիմաց ստրկության, սեռական ստրկության և տնային (կենցաղային) ստրկության զոհ, մինչդեռ մարդու իրավունքների այս խախտումների հեղինակները գործում են անպատժելիության պայմաններում: Այս օրը եկեք հիշենք անցյալի չարաշահումները և կենտրոնացնենք մեր ջանքերը՝ հանուն ներկայիս չարաշահումների վերացման»:

Աղբյուրը` http://www.un.am/am/News/1381#sthash.TsjwcTTG.dpuf

Շարունակել կարդալ Մեկնաբանություններ չկան

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: