Աշխատանք,աշխատանքային օրենսգիրք,գործազուրկ,խտրականություն

Աշխատանքային խտրականություն

Երեխա ունեցող կանայք՝ աշխատանքային խտրականության զոհ

Հայաստանի բնակչության ավելի քան 18%-ը գործազուրկ է, մոտավորապես 224 հազար քաղաքացիներ: Այլ կերպ ասած` աշխատունակ 11 քաղաքացիներից 2-ը գործազուրկ են: Սրանք 2016թ. սեպտեմբերի պաշտոնական տվյալներն են:  2016 թվականի դրությամբ գործազրկության թիվը ըստ սեռի կազմում է՝ տղամարդիկ 27 404, իսկ կանայք՝ 53 088:  

Շարունակել կարդալ

Noro-Balayan-4

Նախազգուշացումը` որպես վարչական տույժի կիրառման հեռանկարները, ՀՀ-ում։

Նախազգուշացումը` որպես վարչական տույժի կիրառման հեռանկարները,ՀՀ-ում։

Մեր զրուցակիցն է իրավաբանական գիտությունների թեկնածու, «Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» իրավաբանական գրասենյակի գործընկեր, ներպետական պրակտիկայի գծով Տնօրեն Նորայր Բալայանը։

Վերջերս Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն սկսվեց լայնորեն կիրառվել նախազգուշացումը։ Ինչո՞վ էր պայմանավորված նախազգուշացման կիրառման անհրաժեշտությունը։

 

Բարև Ձեզ։ Մի փոքր համաձայն չեմ այն մոտեցման հետ, որ կիրառվում է նախազգուշացումը՝ որպես իրավական կատեգորիա։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ «Նախազգուշացումը՝ որպես վարչական տույժի միջոց, կիրառվում է գրավոր։ Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախազգուշացումն արձանագրվում է սահմանված այլ եղանակով»։ 2015 թվականի դեկտեմբերի 21-ին կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվեց հետևյալ մոտեցումը, համաձայն որի  վարչական իրավախախտման հատկանիշներ հայտնաբերելու դեպքում իրավախախտում կատարած անձը պաշտոնատար անձի կողմից իրազեկվում է այն մասին, որ 24 ժամվա ընթացքում վարչական իրավախախտման հատկանիշները վերացվելու դեպքում անձը ազատվում է վարչական պատասխանատվությունից։ Հետևաբար, այս դեպքում նախազգուշացումը չի հանդիսանում իրավական կատեգորիա, քանի որ չի կիրառվում  որպես պատասխանատվության միջոց, այսինքն՝ չի արձանագրվում գրավոր եղանակով։

Նշեցիք, որ վարչական իրավախախտման հատկանիշներ հայտնաբերելու դեպքում, պաշտոնատար անձի կողմից տրվում է 24 ժամ վարչական իրավախախտման հատկանիշները վերացնելու համար։ Արդյո՞ք այս մոտեցումը կիրառվում է բոլոր վարչական իրավախախտումների դեպքում։

Ո՛չ։ Հիմնականում դրանք վարչական այն իրավախախտումներն են, որոնք կապված են տրանսպորտային միջոցների տեխնիկական անսարքության հետ։ Օրինակ՝ տրանսպորտային միջոցի լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոց վարելը։

 

Այսինքն՝ նախազգուշացումը կիրառվում է գրավոր։ Արդյո՞ք ՀՀ-ում նախազգուշացում կիրառվում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում։

Ըստ օրենսգրքում առկա իրավակարգավորման՝ նախազգուշացումը կարող է կիրառվել միայն գրավոր ձևով։ Այսինքն՝ միայն գրավոր փաստաթղթի առկայության դեպքում կարող է կիրառվել նախազգուշացումը։ Իրավակիրառ նման պրակտիկա առկա էր խորհրդային տարիներին։ Հարկ է նշել, որ արտասահմանյան երկրների փորձը վկայում է, որ նախազգուշացումը լայնորեն կիրառում ունի տրանսպորտային միջոցների կանոնների խախտման դեպքում։ Այսպես՝ Արևմտյան Եվրոպայի երկրներում՝ Ավստրալիայում և այլ երկրներում, կա կառավարության կողմից մշակված օրինակելի ձև, որի հիման վրա կիրառվում է նախազգուշացումը՝ որպես վարչական տույժ՝ համապատասխան նշում կատարելով այդ փաստաթղթում։ Ինչ վերաբերում է նախազգուշացման կիրառմանը, ապա անհրաժեշտ է նշել, որ առկա են վարչական իրավախախտումներ, որոնք ունեն նվազ հանրային վտանգավորության աստիճան, որոնց դեպքում կարող է կիրառվել նախազգուշացումը։ Օրինակ՝ օրենսգրքով վարչական պատասխանատվություն է սահմանված ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելու դեպքում կամ ձայնային ազդանշանի կանոնները խախտելու դեպքում։

 

Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախազգուշացումն արձանագրվում է սահմանված այլ եղանակով։ Արդյո՞ք օրենսդրության մեջ առկա են արձանագրման այլ ձևեր։

Ներպետական իրավաստեղծ աշխատանքում, կարծում եմ՝ դեռևս չի արձանագրվել նախազգուշացման այլ եղանակներ, իսկ իրավաբանական գրականության մեջ առկա են մոտեցումներ, համաձայն որոնց  նախազգուշացումը կարող է կիրառվել նաև էլեկտրոնային եղանակով։

ՀՀ արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման է դրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծը։ Արդյո՞ք ուսումնասիրել եք նախագծում առկա իրավակարգավորումները նախազգուշացման վերաբերյալ։

Այո՛։ Նախկին հետխորհրդային երկրներից միայն Հայաստանի Հանրապետությունն է, որտեղ դեռևս չի ընդունվել նոր օրենսգիրք։ Նախագծով տրվում է նախազգուշացման հասկացությունը։ Մասնավորապես՝ նախազգուշացումը պաշտոնական զգուշացում է վարչական իրավախախտում կատարելու անթույլատրելիության մասին։ Եվ մի շարք վարչական իրավախախտումների համար որպես վարչական տույժ սահմանվել է նախազգուշացումը։ Ի տարբերություն ներկա իրավակարգավորումների, նախազգուշացումը, որպես կանոն, չի կիրառվում վարչական իրավախախտումների դեպքում։

 

Ի՞նչ զարգացման հեռանկարներ ունի նախազգուշացումը ՀՀ-ում։

Իրավական մոնիթորինգի արդյունքները վկայում են, որ վարչական տույժերի շարքից հիմնականում կիրառվում է տուգանքը։ Իսկ տուգանքն իրենից ներկայացնում է դրամական տուժանք, որն երաշխավորում է պետական բյուջե մուտքեր։ Այսինքն՝ հիմնականում տուգանք կիրառելը վկայում է այն մասին, որ վարչական քաղաքականությունը ունի պատժիչ բնույթ։ Մինչդեռ նախազգուշացումը կիրառվում է՝ նպատակ ունենալով կանխարգելել հետագայում վարչական իրավախախտումներ կատարելը։ Այստեղ հենց դրսևորվում է տույժի հիմնական նպատակներից մեկը՝ կանխել հետագայում վարչական նոր իրավախախտումների կատարումը։ Տեղին է մեջբերել Ա․ Կորենևի խոսքերը․ «Իրավունքի ներկա զարգացումը վկայում է այն մասին, որ մոտ ապագայում նախազգուշացումը վարչական տույժերի համակարգից դուրս է մղելու տուգանքը»։

Շնորհակալություն։

Հարցազրույցը վարեց Նաիրա Մարգարյանը։

Շարունակել կարդալ Մեկնաբանություններ չկան

Պրոբացիայի ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում

Noro Balayan 4

 

Զրուցակիցն է «Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» իրավաբանական գրասենյակի գործընկեր, ներպետական իրավական աշխատանքների գծով Տնօրեն, իրավաբանական գիտությունների թեկնածու Նորայր Բալայանը:

Պարո՛ն Բալայան, դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրի համաձայն՝ անհրաժեշտ է ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքում ստեղծել քրեակատարողական ծառայությունից անկախ և առանձին պրոբացիայի ծառայություն: Արդյո՞ք ծառայությունը ստեղծվել է:

ՀՀ կառավարության 2015 թվականի ապրիլի 30-ի թիվ 19 արձանագրային որոշմամբ հավանության արժանացավ Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի ծառայության ներդրման հայեցակարգը: 2012-2016 թվականների դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրի համաձայն, որպես վերջնաժամկետ, սահմանված էր 2014 թվականը: Ցավոք, պետք է նշել, որ պրոբացիայի ծառայությունը դեռևս չի ստեղծվել:

Արդյո՞ք բոլոր երկրներում պրոբացիայի ծառայությունը գործում է արդարադատության նախարարության կազմում:

Ոչ բոլոր երկրներում է պրոբացիայի ծառայությունը գործում արդարադատության նախարարության կազմում: Կան երկրներ, որտեղ պրոբացիայի ծառայությունը գործում է քրեակատարողական ծառայության համակարգում, կան երկրներ, որտեղ պրոբացիայի ծառայությունը գործում է դատախազության համակագում:

Խնդրում եմ ներկայացնել պրոբացիայի ծառայությունը և ծառայության նպատակը:

«Պրոբացիա» բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է փորձաշրջան: Պրոբացիայի ծառայությունը առաջին անգամ ի հայտ է եկել 1823 թվականին Նիդերանդներում և թարգմանաբար կոչվում էր «Դատապարտյալներին հոգեբանական աջակցության հասարակություն», որի կազմում աշխատում էին կամավորության սկզբունքով: Պրոբացիայի ծառայությունը լայն տարածում գտավ եվրոպական երկրներում 2-րդ համաշխարհային պատերազմից հետո: Պետությունները իրենց առջև նպատակ էին դրել ապահովել հանցագործությունների կանխարգելումը և հանցանք կատարած անձանց հասարակությունից չմեկուսացնելը: Պրոբացիայի ծառայության նպատակն է՝ սահմանել որոշակի սահմանափակումներ, չմեկուսացնել անձին հասարակությունից, տրամադրել իրավական, հոգեբանական և սոցիալական աջակցություն՝ խուսափելով հետագայում անձին հասարակություն վերինտեգրելուն:

Վերջերս ՀՀ արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման դրվեց «Պրոբացիայի մասին», «Պրոբացիայի պետական ծառայության մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը: Արդյո՞ք ուսումնասիրել եք նախագծերը և ի՞նչ կարծիք ունեք նախագծերի վերաբերյալ:

Նախագծերը բխում են ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած հայեցակարգից: Նախագծերը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ առկա է մի փոքր շտապողականություն: Նախագծերից պարզ է, որ պրոբացիայի ծառայությունը իր գործառույթները հիմնականում իրականացնելու է միայն վերջին երկու փուլերում: Հաշվի առնելով հայ իրականությունը՝ պրոբացիայի ծառայությունը ըստ նախագծի դիտարկվում է պետական ծառայության առանձին տեսակ: Մինչդեռ միջազգային փորձը վկայում է, որ պրոբացիայի ծառայությունը հիմնականում հանդիսանում է քաղաքացիական ծառայության տեսակ: Որպես հետևանք՝ պրոբացիայի մասին առանձին իրավական ակտ՝ մասնավորապես, օրենք բացակայում է: Որպես կանոն, փոփոխություններ և լրացումներ են կատարվում քրեական դատավարության և քրեական օրենսգրքերում, միաժամանակ կառավարության կողմից ընդունվում է պրոբացիայի ծառայության կանոնադրությունը:

Դուք նշեցիք, որ պրոբացիայի ծառայությունը իր գործառույթները հիմնականում իրականացնելու է միայն վերջին երկու փուլերում, իսկ քա՞նի փուլ է առկա:

Եթե նայենք այլ երկրների պրոբացիայի ծառայության գործառույթները, ապա կարող ենք պրոբացիայի գործառույթները, ըստ ժամանակային առումի, բաժանել չորս խմբի՝ մինչդատական, դատական, պենիտենցիար և հետպենիտենցիար:

Կմանրամասնե՞ք յուրաքանչյուր փուլում պրոբացիայի ծառայության գործառույթները:

Պրոբացիայի ծառայությունը մինչդատական փուլում իրականացնում է այլընտրանքային խափանման միջոցներ, ներկայացնում է խորհրդատվական զեկույցներ: Դատական փուլում կրկին ներկայացնում է խորհրդատվական զեկույցներ: Պենիտենցիար փուլում պրոբացիայի ծառայությունը ապահովում է ազատազրկման հետ չկապված պատիժների կատարումը, ներկայացնում է խորհրդատվական զեկույցներ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու վերաբերյալ, իսկ հետպենիտենցիար փուլում իրականացնում է վերականգնողական ծրագրեր՝ դատապարտյալի հասարակություն վերինտեգրումը ապահովելու համար: Մի շարք երկրներում, որտեղ պրոբացիայի ծառայությունը արդեն համարվում է կայացած ծառայություն, իրականացնում է ավելի քան քառասուն գործառույթներ: Հատկապես կարևորվում է պրոբացիայի ծառայություն գործառույթները հաշտարարության ոլորտում: Եվ 1999 թվականի ԵԽ նախարարների կոմիտեի կողմից հաստատված փաստաթղթի համաձայն հաշտարարությունը հնարավոր է իրականացնել քրեական գործի քննության յուրաքանչյուր փուլում: Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ Անգլիայում և սկանդինավյան երկրներում պրոբացիայի ծառայությունը իր լիազորությունների մի մասը պատվիրակել է հասարակական կազմակերպություններին, մասնավորապես, վերինտեգրման ծրագրերի իրականացման հարցում:

Ի՞նչ է պարունակում խորհրդատվական զեկույցները:

Որպես կանոն խորհրդատվական զեկույցները պարունակում են անձի հոգեբանական բնութագրի վերաբերյալ տեղեկություններ, իրավական գնահատականներ, արդյոք անձին հասարակությունից մեկուսացնելը ինչ հետևանքներ կարող է առաջացնել կամ արդյոք անձը կարող է ուղղվել պատիժը կրելով հասարակությունում:

 

Շնորհակալություն

 

Հարցազրույցը վարեց՝ Նաիրա Մարգարյանը

Շարունակել կարդալ Մեկնաբանություններ չկան

Վարպետության դասեր գործնական իրավաբանության բնագավառում. հայտարարություն

ELL«Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» իրավաբանական գրասենյակը (ELL PARTNERSHIP Law Firm) բացառիկ հնարավորություն է ընձեռում Ձեզ ստանալու գործնական իրավաբանության բնագավառում մեկամսյա տևողությամբ վարպետության դասեր (MASTER CLASS), որոնք մատուցվելու են հայաստանյան և արտասահմանյան առաջավոր և բարձրակարգ բուհերում կրթություն ստացած և ՀՀ-ում ու արտերկրում գործունեություն ծավալած մասնագետների կողմից հետևյալ ոլորտներում՝

  • Կորպորատիվ իրավունք. առկա խնդիրներն ու դրանց արյունավետ և արագ լուծման կառուցակարգերը,
  • Բանկային իրավունք. բանկային ոլորտի մասնագետների պրակտիկ իրավաբանական հմտությունների զարգացում
  • Վարչարարության հետևանքով առաջացող իրավահարաբերություններում առկա խնդիրների գործնական լուծումները
  • Վնասից ծագող պարտավորություններում հնարավոր ռիսկերի կանխատեսման և դրանցից խուսափելու հմտությունները
  • ԱՊՊԱ իրավական կարգավորման բնագավառում առկա խնդիրներն ու դրանց գործնական լուծումները
  • Հարկային և մաքսային բնագավառում առկա և առավել հաճախ հանդիպող խնդիրներն ու դրանց ի հայտ գալու պարագայում գործնական լուծումների առաջադրումը
  • Արբիտրաժը Հայաստանի Հանրապետությունում. գործնական խորհուրդներ հնարավոր ռիսկերից խուսափելու համար
  • Աշխատանքային հարաբերությունների իրավական կարգավորումը. առկա խնդիրները և դրանց կարգավորման եղանակները
  • Իրավաբանական գրասենյակների կառավարման հմտություններ
  • Ղեկավարող անձ և աշխատանքային կադրերի հավաքագրում (դասավանդվելու է հոգեբանի կողմից՝ «Գոյ» հոգեբանական կենտրոն)
  • Աշխատանք ոչ ստանդարտ հաճախորդների հետ և փոխշահավետ բանակցությունների վարում (դասավանդվելու է հոգեբանի կողմից՝ «Գոյ» հոգեբանական կենտրոն)
  • Սթրեսի հաղթահարում և արդյունավետ աշխատանքի կազմակերպում (դասավանդվելու է հոգեբանի կողմից՝ «Գոյ» հոգեբանական կենտրոն):

Առաջիկա փուլում դասավանդվելու են հետևյալ առարկաները․

  • Արբիտրաժային վարույթ և մեդիացիա
  • Ապահովագրական իրավունք
  • Կորպորատիվ իրավունք։

Դասընթացներին հնարավոր է մասնակցել նախապես գրանցվելու միջոցով՝ լրացնելով դիմումը և այն ուղարկելով հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ masterclass@ell.am:

Դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի ապրիլի 30-ը

Շարունակել կարդալ

Գյումրիի սպանդի գործով քննության հայ-ռուսական համակարգող շտաբ է ստեղծվել

005ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը եւ ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հունվարի 20-ին ստորագրել են համաձայնագիր` Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքում համագործակցության արդյունավետությունն ապահովելու նպատակով համակարգող շտաբ ստեղծելու մասին:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Երկու երկրների քննչական կոմիտեների նախագահները կարեւորել են տեղի ունեցած սպանության լիարժեք բացահայտումը, բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ հետազոտումը եւ պայմանավորվել իրականացնել համատեղ ու փոխհամագործակցված գործողություններ: Քննության ընթացքում համատեղ գործողությունների իրականացումը կկազմակերպվի համաձայնագրով ստեղծված շտաբի կողմից:

Շտաբի կազմում ընդգրկված է 10 անձ` ՀՀ եւ ՌԴ քննչական կոմիտեների ներկայացուցիչներ, քրեագետներ:

Քրեական գործի քննության ընթացքում փոխգործակցությունը եւ բոլոր դատավարական գործողությունները կիրականացվեն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին» համաձայնագրով սահմանված սկզբունքների համաձայն:

Հանդիպման ընթացքում ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ա.Բաստրիկինը հավաստիացրել է, որ Պերմյակովի նկատմամբ քրեական գործի քննությունը, նախաքննությունը եւ հետագայում դատավարությունը տեղի կունենան բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում:

ՌԴ քննչական կոմիտեի նախագահի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ տեղի են ունեցել աշխատանքային քննարկումներ, որոնց առանցքում եղել են Ավետիսյանների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությանը վերաբերող հարցերը եւ քննության ընթացքը:

Շարունակել կարդալ

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: