Գլխավոր դատախազությունը հսկողություն է իրականացնում Պերմյակովի գործով նախաքննության օրինականության նկատմամբ

ՀՀ գլխավոր դատախազությունը նոր հաղորդագրություն է տարածել հունվարի 12-ին Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայող Վ. Պերմյակովի կողմից կատարված սահմռկեցուցիչ սպանության գործի վերաբերյալ: Այդ մասին նշված է գլխավոր դատախազության պաշտոնական կայքում:

«Հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ վեց քաղաքացիների սպանության, մանկահասակ երեխային մարմնական վնասվածքներ պատճառելու առթիվ հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է: ՀՀ գլխավոր դատախազությունը՝ ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, շարունակում է հսկողություն իրականացնել նախաքննության օրինականության նկատմամբ: Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին համապատասխան, միջոցներ է ձեռնարկում հանցագործության համար  քրեական պատասխանատվության անխուսափելիության ապահովման ուղղությամբ»:

Շարունակել կարդալ

Գյումրիում կատարված սպանության քննումը ՀՀ իրավազորության ներքո է. Ռուբեն Մելիքյան

MelikyanԳյումրիում հունվարի 12-ին կատարված սպանության գործը քննելու հարցը, համաձայն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 1997թ. կնքված ռուսական ռազմաբազայի մասին միջազգային պայմանագրի, ՀՀ իրավազորության ներքո է, իսկ մինչ այդ կատարված հանցագործությունը` դասալքություն, զենքի վարվեցողություն` ՌԴ իրավազորության:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում իր տեսակետն է հայտնել ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր, քրեական դատավարության իրավունքի մասնագետ Ռուբեն Մելիքյանինը:

Մասնավորապես, Մելիքյանը նշել է, որ խնդիրն իրավական է, հետևաբար, հարցի կարգավորումները պետք է հիմնված լինեն իրավական կանոնակարգումների վրա: Քրեական դատավարության իրավունքի մասնագետը նշում է, որ պայմանագիրը կարգավորում է իրավազորության հարցերը ՌԴ ռազմաբազայի զինվորական ներկայացուցիչների միջև, որը նախատեսում է հստակ կարգավորումները:

«Որպես հիմնական կանոն տարածվում է Հայաստանի Հանրապետության իրավազորությունը ՌԴ զինվորական բազայում ծառայող ՌԴ զինվորականների կողմից կատարված հանցագործությունների վրա: Սա պայմանագրի 4-րդ կետն է: Միևնույն ժամանակ, սահմանված է բացառություն ընդհանուր կանոնից, համաձայն որի, որոշ դեպքերում կարող է տարածվել ՌԴ իրավազորությունը: Շատ հստակ նշված է երեք դեպք, որոնք սահմանված են պայմանագրի 5-րդ հոդվածում: Այն հանցանքները, որ կատարվել են ՌԴ ռազմակայանի տարածքում, այն հանցանքները, որ կատարվել են ՌԴ կամ նրանց ընտանիքի անդամների դեմ, որոնք նե առված են ռուսական ռազմաբազայում և երրորդ կետը` զինվորական հանցագործությունն է: Այս երեք կատեգորիայի գործերը` համաձայն պայմանագրի, փոխանցված է ՌԴ իրավազորությանը: Հիմա այստեղ խնդիրն այն է, որ մենք գործ ուենք մեկից ավելի հանցագործությունների հետ: Եթե խոսքը վերաբերում է սպանությանը, ապա այն որևէ կերպ չի ներառվում այդ երեք կատեգորայի մեջ, բայց միևնույն ժամանակ, մինչ այդ հանցանքը կատարելը կասկածյալը ենթադրաբար կատարել է նաև այլ հանցանքներ` մասնավորապես, զորամասը ինքնակամ լքելը, զենքի վարվեցողության կանոնների խախտումը: Այստեղ որոշակ խնդիր կա, քանի որ կատարված երկու հանցանքներից մեկը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, մյուսը` ՌԴ իրավազորությանն է ենթակա»,- ասել է Ռուբեն Մելիքյանը` հավելելով, որ պայմանագրով այս հարցի ուղիղ կարգավորում նախատեսված չէ:

«Չեմ բացառում, որ քանի որ միջազգային պայմանագրում ՌԴ իրավազորությունը որպես բացառություն է սահմանված, իսկ որպես կանոն սահմանված է Հայաստանի իրավազորությունը, ապա իրավամեկնաբանողական տեսանկյունից նման վիճելի դեպքերում պետք է տարածվի Հայաստանի առաջնային իրավազորությունը: Սա էլ հստակ կարգավորված չէ և չկա հստակություն, թե ինչպես պետք է իրականացվի այդ կարգավորումը»,- ասաց Մելիքյանը` կրկին շեշտելով, որ մեկից ավելի հանցանք է կատարվել, որից մեկը մի պետության իրավասության ներքո է մյուսը` մեկ այլ: «Այստեղ որոշակի կերպով պայմանագրի մեկնաբանման խնդիր կա և կարծում եմ, որ հաշվի առնելով հարաբերությունների բարձր մակարդակը ՌԴ-ի հետ, այդ հարցը կկարգավորվի: Միաժամանակ պետք է փաստել, որ որևէ կերպ պայմանագիրը չի սահմանում հնարավորությունը, որ սպանության փաստը քննվի ՌԴ իրավասու մարմինների կողմից: Կազուսը վերաբերում է նրան, որ եթե քննությունը իրականացվում է ՌԴ-ի կողմից, ապա չկա որևէ հիմք, որ նրանք քննեն սպանության հետ կապված փաստը: Սակայն, եթե մենք մեկնաբանում ենք պայմանագիրը և առանձնացնում կանոնն ու բացառությունը, ապա սպանության քննումը ՀՀ իրավազորության ներքո է»,- ասել է նա:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա է հասել հրազենից արձակված կրակոցների հետևանքով։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ։

Կասկածյալին ռուսական 102-րդ ռազմաբազայի շարքային զինծառայող Վալերի Պերմյակովին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Նա տվել է առաջին ցուցմունքը և խոստովանել հանցանքը:

Շարունակել կարդալ

Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել հունվարի 12-ին Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայող Վ. Պերմյակովի կողմից կատարված սահմռկեցուցիչ սպանության գործի վերաբերյալ: Այդ մասին գլխավոր դատախազության պաշտոնական կայքում հաղորդագրություն է տարածվել:
«ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունները քննարկել են Գյումրիում նախօրեին տեղի ունեցած սպանության գործի մանրամասները: Երկուստեք ընդգծվել է, որ տեղի ունեցած ողբերգության բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Հանցագործության կատարման մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովը ՌԴ քաղաքացի է և գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության՝ նույնն է՝ ՌԴ իրավազորության ներքո: Հետևաբար Վ. Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում, նկատի ունենալով ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արգելքը, համաձայն որի, ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության:
 
Համանման արգելք է սահմանված նաև ՀՀ Սահմանադրության 30.1 հոդվածի դրույթներով, որի գործողության պայմաններում ՀՀ որևէ քաղաքացի երբևէ չի հանձնվել այլ պետության: 
 
Քննությունը վարում են ՀՀ և ՌԴ իրավապահ մարմինները: Քննությունն իրականացվելու է ՀՀ և ՌԴ իրավապահ մարմիների ակտիվ իրավական փոխգործակցությամբ: Հայկական կողմը  հետևողական է լինելու, որպեսզի բոլոր մեղավորները օրենքով սահմանված կարգով ենթարկվեն պատասխանատվության»:

Շարունակել կարդալ

Թուրքիայում ծառայության ընթացքում սպանված հայազգի զինվորի գործը կվերանայվի սկզբից

SevagԴիարբեքիրի ռազմական դատարանում տեղի է ունեցել զինծառայության ընթացքում սպանված հայազգի զինվոր Սևակ Բալըքչըի գործով դատական հերթական՝ 20-րդ նիստը: Դատավարության ժամանակ որոշում է կայացվել վերանայել գործն ամենասկզբից: 

Այդ մասին հաղորդում է «Tert.am»-ը:

Բալըքչը ընտանիքը պահանջում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ Ապրիլիի 24-ին, Սևակ Բալըքչըին սպանած Քըվանչ Աղաօղլուին պատասխանատվության ենթարկել կանխամտածված սպանության համար, իսկ Աղաօղլուն պնդում է, որ Սևակի սպանությունը միտումնավոր չի եղել: 

Դատական նիստի ընթացքում ելույթ է ունեցել Սևակ Բալըքչըի հայրը՝ Կարապետ Բալըքչըն, ով պահանջել է ստուգել, թե համաձայն դատական նյութերում առկա փաստերի՝ ով է Սևակին ասել. «Թմբլիկս, քեզ կսպանեմ, սա քո կերած վերջին բլիթն է»:

Ավելի վաղ ապացուցվել էր, որ դատավարության ընթացքում վկաների շրջանում սուտ ցուցմունք տվողներ են եղել, ինչի պատճառն Աղաօղլու ընտանիքի կողմից ստացած սպառնալիքներն են եղել:

Դատական հաջորդ նիստը տեղի է ունենալու 2015թ.-ի փետրվարի 27-ին: 

Շարունակել կարդալ

Հարուցվել է քրեական գործ՝ ադրբեջանական տարածքից հայ գյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ

Investigative Committee of RAՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Պառավաքար գյուղի 43-ամյա բնակչի նկատմամբ ադրբեջանական տարածքից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

2015թ. հունվարի 11-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծում գտնվող  ադրբեջանական «Ալենի բուտկա» կոչվող հենակետից,  ազգային ատելության շարժառիթով, դիտավորությամբ, սպանություն կատարելու նպատակով կրակոցներ են արձակվել վառելափայտ հավաքելու նպատակով Տավուշի մարզի Պառավաքար  գյուղին  պատկանող «Ծատուրանց ձոր» կոչվող հանդամաս մեկնած նույն գյուղի բնակիչ,  43-ամյա Ալբերտ Զոհրաբյանի ուղղությամբ։ Կրակոցների հետեւանքով հայ գյուղացուն պատկանող «Վազ 2121» մակնիշի 34 AD 169 հաշվառման համարանիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: Դեպքի առթիվ Բերդի քննչական բաժնում հունվարի 12-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Դեպքի վայրում առայժմ հնարավոր չի եղել զննություն կատարել, քանի որ տարածքում չեն դադարում հակառակորդի կողմից արձակվող կրակոցները։ Ալբերտ Զոհրաբյանը ճանաչվել է տուժող և  հարցաքննվել: Կատարվում է նախաքննություն: 

 

Շարունակել կարդալ

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: