Գյումրիում ընտանիքի սպանության համար կասկածվողը հայտնաբերվել է և ցուցմունքներ է տվել

permyakovՀունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար կասկածվող` ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պավելի Պերմյակովը հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը հայտնաբերվել է ռուս սահմանապահների կողմից` հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս: Ինչպես այդ մասին հաղորդում է «News.am»-ը, Պերմյակովին հաջողվել է հայտնաբերել սահմանի` Բայանդուր գյուղի հատվածում:  

Կայքի հետ զրույցում ոստիկանության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատել է այս տեղեկությունը` նշելով, որ կասկածյալին բռնել են սահմանապահների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում:

Պերմյակովին հայտնաբերելուց և բռնելուց հետո սահմանապահները նրան հանձնել են ռազմաբազայի հրամանատարությանը, այդ մասին «News.am»-ին հայտնել է Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:

Այժմ ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում են և արդեն հարցաքննել են Պերմյակովին: Այդ մասին կայքի թղթակցի հետ զրույցում ասել է ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, ով գլխավորում է ոստիկանապետի հրամանով ստեղծված օպերատիվ խումբը:

Պերմյակովը սկսել է ցուցմունք տալ և պատմել է, որ դուրս է եկել պահակակետից, ցանկացել է մի քիչ զբոսնել, գնացել է այդ հասցեն՝ ջուր խմելու, դուռը ծեծել է, չեն բացել, փորձել է մտնել, այնուհետեւ մարդ է արթնացել, իսկ այնուհետև տեղի է ունեցել այն, ինչ եղել է:

Հունան Պողոսյանի տեղեկացմամբ` այժմ քննարկում են քրեական գործի վարույթը իրականացնելու խնդիրը, դատավարական ընթացակարգերը:

Նյութի մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին ահազանգ էր ստացվել Գյումրիում 6 հոգու սպանության մասին։ Անհապաղ դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում հայտնաբերվել է Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների դիակները՝ Ավետիսյան Սերյոժա Կարապետի, Ավետիսյան Հասմիկ Ռաֆիկի, Ավետիսյան Աիդա Սերյոժայի, Ավետիսյան Արմեն Սերյոժայի, Ավետիսյան Արաքսյա Անդրանիկի, Ավետիսյան Հասմիկ Արմենի (2 տ.):

Ընտանիքի մյուս մանկահասակ երեխան՝ 2014 թվականին ծնված Արմեն Սերյոժայի Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն (Ավստրիական հիվանդանոց)։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5.45 մմ տրամաչափի պարկուճներ, 1 պահունակ՝ փամփուշտներով, զինվորական կոշիկներ, որոնց վրա գրված է եղել Պերմյակով ազգանունը։ 

Շարունակել կարդալ

Ուժը կորցրած է ճանաչվել ՄԻԵԴ դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ընտրության վերաբերյալ Նախագահի հրամանագիրը

800px-European_court_of_human_rightsՆախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատելու մասին» Հանրապետության Նախագահի 2014թ. հոկտեմբերի 13-ի հրամանագիրը:

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

2014թ. հոկտեմբերին անցկացված մրցույթի արդյունքներով ամենաբարձր հանրագումարային միավորներ էին ստացել Արմեն Հարությունյանը, Արա Ղազարյանը և Վիգեն Քոչարյանը, սակայն սեռերի ներկայացվածության սկզբունքի ապահովման նպատակով մրցութային հանձնաժողովի որոշմամբ նրանցից առավել ցածր հանրագումարային միավոր ստացած Վիգեն Քոչարյանը փոխարինվել էր ամենաբարձր հանրագումարային միավոր ստացած իգական սեռի մասնակցով՝ Նելիկ Հարությունյանով:

Մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատվել էր Հանրապետության Նախագահի հրամանագրով, ի կատարումն որի՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պետք է հաստատված ցուցակը, անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, սահմանված պահանջների և ընթացակարգերի պահպանմամբ, ներկայացներ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով:

Եվրոպայի խորհրդի կողմից սահմանված ընթացակարգերի շրջանակում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ստացել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի ընտրության համար թեկնածուների վերաբերյալ փորձագետների խորհրդատվական խմբի կարծիքը, որից հետևում է, որ ցուցակում ընդգրկված տարբեր սեռերի թեկնածուները պետք է հավասարապես և ամբողջովին համապատասխանեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի բոլոր պահանջներին, այդ թվում՝ ճանաչված իրազեկ իրավագետ լինելու չափանիշին:

Հետևելով Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին և ընդառաջ գնալով Եվրոպայի խորհրդի իրավասու մարմնի խորհրդատվական կարծիքին՝ մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով չի ներկայացվել:

Հանրապետության Նախագահի կողմից այսօր ստորագրված հրամանագիրը, համաձայն գործող կարգի, առաջ է բերում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության նոր մրցույթ անցկացնելու անհրաժեշտություն:

Շարունակել կարդալ

Նախագահը հրամանագիր է ստորագրել դատավորների թեկնածությունների ցուցակի և «Դատավորների թեկնածությունների ցուցակը հաստատելու մասին» հրամանագրում լրացում կատարելու վերաբերյալ

PresidentՆախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 12-ին հրամանագիր է ստորագրել Արդարադատության խորհրդի որոշմամբ ներկայացված դատավորների թեկնածությունների ցուցակի և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի հուլիսի 23-ի «Դատավորների թեկնածությունների ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-136-Ա հրամանագրում լրացում կատարելու վերաբերյալ:

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Արդարադատության խորհուրդն իր 2014 թվականի դեկտեմբերի 15-ի «Դատավորների թեկնածությունների ցուցակի լրացման մասին» թիվ ԱԽ-29-Ո-27 որոշմամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացրել դատավորների թեկնածությունների ցուցակը, որում ընդգրկված են եղել քրեական մասնագիտացման բաժնում՝ 10 և քաղաքացիական մասնագիտացման բաժնում՝ 3 թեկնածուներ:

Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից դատավորների թեկնածությունների ցուցակը՝ քրեական մասնագիտացման բաժնի մասով հաստատվել է, իսկ քաղաքացիական մասնագիտացման բաժնի մասով՝ վերադարձվել Արդարադատության խորհուրդ՝ նոր քննարկման, քանի որ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ի հայտ է եկել դատավորների թեկնածուներին ներկայացվող պահանջներին հավակնորդների համապատասխանությունը վերստին որոշելու անհրաժեշտություն:

Շարունակել կարդալ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը սահմանային իրավիճակի վերաբերյալ

MFAՀՀ արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարություն է կատարել հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի՝ Արցախի արևելյան հատվածում ադրբեջանական ուժերի կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների վերաբերյալ:

Նախարարության հայտարարության մեջ ասված է.

«Խստորեն դատապարտում ենք հունվարի 2-ի, լույս 3-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Պաշտպանության բանակի հետ շփման գծում իրականացրած դիվերսիոն գործողությունները, որոնց հետևանքով կան մարդկային կորուստներ։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մերձավորներին։

Այս հերթական սադրանքով Բաքուն շարունակում է իրագործել ուժի կիրառման վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության անդադար սպառնալիքները, որոնք հնչեցվում են այդ երկրի ղեկավարության անգամ ամանորյա ելույթներում։

Սա կոպիտ արհամարհանք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ հատկապես կրոնական տոների նախաշեմին և ընթացքում սադրիչ գործողություններից և իրավիճակի սրումից զերծ մնալու կոչերի նկատմամբ։

Վաղուց ժամանակն է, որ միջազգային հանրությունը սթափեցնի իր հորդորներին հակառակ գնացող ադրբեջանական ղեկավարությանը»:

Շարունակել կարդալ

Ներկայացվել է «Հայերի ցեղասպանության համար միջազգային-իրավական պատասխանատվության հիմքերը» խորագրով իրավական ուղեցույցը

Genocide researchԴեկտեմբերի 26-ին «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի կազմակերպմամբ «Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ համաժողով, որի ընթացքում կենտրոնի հիմնադիրներն ամփոփեցին իրականացված հետազոտության արդյունքները, ներկայացվեց «Հայերի ցեղասպանության համար միջազգային-իրավական պատասխանատվության հիմքերը» խորագրով իրավական ուղեցույցը: Ծրագիրն իրականացվել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի ֆինանսավորմամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:

Ծրագրի ղեկավար, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի համահիմնադիր, ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավաբանական ծառայության պետ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց ծրագրի հիմնական դրույթները՝ ընդգծելով, որ Հայոց ցեղասպանության հարցը պետք է դուրս բերվի զգացական դաշտից և տեղափոխվի իրավական դաշտ, և դրա փոխարեն պետք է ավելի մանրամասն ու հստակ զբաղվել իրավական, իրավաքաղաքական խնդիրներով: Կենտրոնի համահիմնադիր, ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական Եղիշե Կիրակոսյանը, ներկայացնելով իրավական ուղեցույցի հիմնադրույթները, անդրադարձավ ընդդեմ Թուրքիայի հնարավոր դատական ընթացակարգային խնդիրներին՝ ինչպես Հայաստանի Հանրապետության՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ պետության ներգրավման, այնպես էլ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների իրավունքների պաշտպանության և նրանց կողմից պահանջների ներկայացման իրավական հիմքերի համատեքստում: Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ առկա միջազգային իրավական մարտահրավերների, մասնավորապես՝ իրավունքի տեսանկյունից ցեղասպանության ժխտման իրավական բովանդակության ու առկա խնդիրների վերաբերյալ խոսեց կենտրոնի համահիմնադիրներից, ԵՊՀ-ի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս Լևոն Գևորգյանը՝ անդրադառնալով հատկապես «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի հանգամանքներին: Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես եկան նաև Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի տնօրեն, համահիմնադիր Տարոն Սիմոնյանը, ԵՊՀ-ի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ «Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 28-ին Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը կազմակերպել էր հանդիպում-քննարկում, որտեղ ներկայացվեցին Հայոց ցեղասպանության ոլորտին առնչվող արդի մարտահրավերների համատեքստում առկա իրավական խնդիրները, ներկայացվեցին ծրագրի հիմնական ուղղությունները: 

Շարունակել կարդալ

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: