«Ալ Նաշիրին ընդդեմ Լեհաստանի» (գանգատ թիվ 28761/11) և «Հուսեյնն (Աբու Զուբայդահը) ընդդեմ Լեհաստանի» գործերը (գանգատ թիվ 7511/13) վերաբերում են ահաբեկչական գործողություններ կատարելու մեջ կասկածվող 2 անձանց հանդեպ կտտանքների, դաժան վերաբերմունքի և գաղտնի ազատազրկված պահելու մեղադրանքներին: Դիմումատուները պնդում են, որ պահվել են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (CIA)`Լեհաստանի տարածքում գտնվող գաղտնի բանտում` նախքան Գուանտանամոյի բանտ տեղափոխելը:
Պալատի հուլիսի 24-ի որոշմամբ, որը վերջնական չէ [1], ՄԻԵԴ-ը երկու գործով էլ միաձայն վճռեց, որ Լեհաստանը չի կատարել ՄԻԵԴ 38-րդ հոդվածով սահմանված իր պարտականությունները, այն է` պետությունը պարտավորվում է ապահովել բոլոր անհրաժեշտ միջոցները արդյունավետ հետաքննություն իրականացնելու համար:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` «Մինասյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2014 թ. ապրիլի 8-ին կայացրած վճռով ՀՀ կառավարությունը պարտավորվել էր գործով դիմումատու Վարդան Մինասյանին, վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում, վճարել 6030 եվրո, որի 6000-ը՝ որպես ոչ նյութական վնասի, իսկ 30 եվրոն՝ որպես ծախսերի փոխհատուցում: Փոխհատուցման տրամադրման վերջնաժամկետը 2014 թվականի հոկտեմբերի 8-ն է:
Վճռի կատարման համար կառավարությունը արդարադատության նախարարությանը կտրամադրի 6030 եվրոյին համարժեք դրամ: Փոխհատուցման հարցն ընդգրկված է Կառավարության օգոստոսի 28-ի նիստի օրակարգում:
Ուկրաինայի կառավարությունը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ պատժամիջոցների կիրառում նախատեսող օրինագծից առաջարկել է հանել այն կետերը, որոնք նախատեսում են ԶԼՄ-ների գործունեության սահմանափակում կամ արգելք` այդ թվում նաև տպագիր ԶԼՄ-ների թողարկումը: Այս մասին, «Ռիա նովոստիի» տեղեկացմամբ, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը` օրինագիծը Գերագույն ռադայի երկրորդ ընթերցմանը ներկայացնելիս:
Մասնավորապես, Ուկրաինայի կառավարությունը առաջարկել է պատժամիջոցների ցուցակից հանել փոստային կապի ծառայությունների մատուցման սահմանափակումը, հեռուստա- և ռադիոհեռարձակման արգելքը, զանգվածային լրատվության միջոցների գործունեության սահմանափակումն ու դադարեցումը, ինչպես նաև` տպագիր ԶԼՄ-ների և այլ տեղեկատվական նյութերի արտադրանքի արգելքն ու սահմանափակումը: Վարչապետ Յացենյուկը հայտարարել է նաև, որ նման որոշումներ կարող են ընդունել բացառապես Ուկրաինայի դատարանները:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ողջունել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միջև օգոստոսի 10-ին Սոչիում կայացած հանդիպումը` միաժամանակ Հայաստանին և Ադրբեջանին կոչ անելով թուլացնել լարվածությունը: Այդ մասին նշված է ԵԽ պաշտոնական կայքում տարածված հայտարարության մեջ:
ԵԽ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հաջորդելով (Արցախում) շփման գծի և հայաստանա-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով տեղի ունեցած վերջին զինված միջադեպերին` այս հանդիպումը դրական քայլ է երկու երկրների միջև երկխոսության վերսկսման ուղղությամբ: Ես երկու կողմին էլ կոչ եմ անում ձեռնարկել բոլոր հնարավոր ջանքերը` վերջ տալու բռնության աճին, որը վերջին օրերին երկու կողմից էլ բազմաթիվ զոհեր խլեց»:
Թորբյորն Յագլանդը նաև իր ցավակցությունն է հայտնել զոհերի ընտաիքներին:
«Բռնությունը չպետք է տեղ գտնի ՄԻԵԴ անդամ պետությունների միջև, որը երաշխավորում է բոլոր եվրոպացիների կյանքի իրավունքը»,-հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը:
ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը օգոստոսի 4-ին հայտարարություն է տարածել վերջին օրերին տեղի ունեցող հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերի և դրանք լուսաբանող մամուլի հրապարկումների առնչությամբ: Այս մասին նշված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: