ՀՀ գլխավոր դատախազություն,Նախաքննության տվյալներ

ՀՀ գլխավոր դատախազությունը հիշեցնում է. Նախաքննական տվյալների հրապարակումը քրեորեն պատժելի է

23.05.2014-ՀՀ գլխավոր դատախազությունը, կարևորելով քրեական գործերի քննության ընթացքում կողմերի իրավունքների պաշտպանությունը և օրինականության նկատմամբ հսկողությունը, հիշեցնում է, որ այդ իրավունքների լիարժեք ապահովման կարևոր նախապայման է նախնական քննության տվյալների գաղտնիության ապահովումը:

Նախաքննական գաղտնիք հանդիսացող տվյալների հրապարակումը կարող է վնասել կողմերի օրինական շահերին ու իրավունքներին, խոչընդոտել քրեական գործի քննությանը, հանցագործության բացահայտմանը:

ՀՀ գլխավոր դատախազությունը հիշեցնում է. հանգամանքների բերումով նախնական քննության տվյալների տիրապետող սուբյեկտների համար առանց դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի թույլտվության, վերոնշյալ տվյալների հրապարակումը առաջացնում է քրեական պատասխանատվություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածով:

Նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելու համար պատասխանատվության անխուսափելիության սկզբունքն ապահովելու, ինչպես նաև գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտման, ձեռք բերվելիք տվյալների հավաստիության վրա՝ քննությամբ ստուգման ենթակա հանգամանքների հրապարակման բացասական ազդեցությունը կանխելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, հսկողություն իրականացնող դատախազները, զանգվածային լրատվության միջոցներում նախնական քննության ընթացքում ձեռք բերված ապացույցների կամ ստուգման ենթակա հանգամանքների վերաբերյալ հրապարակումների յուրաքանչյուր դեպքում, ձեռնարկելու են օրենքով սահմանված քրեադատավարական ներգործության միջոցներ, ապահովելու այդ տվյալների՝ լրատվության միջոցին հայտնի դառնալու աղբյուրի, հանգամանքների պարզումը և այդ կապակցությամբ անհրաժեշտ քննչական ու դատավարական գործողությունների իրականացումը: Մեղավորները կպատժվեն օրենքով սահմանված կարգով:

Աղբյուրը` ՀՀ դատախազության պաշտոնական կայք:

 

Շարունակել կարդալ Մեկնաբանություններ չկան

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: