ՄԱԿ-ում Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները մեկնաբանել են Ուկրաինա տարածք` Լուգանսկի մարզ, ուրբաթ օրն ուղևորված ռուսական մարդասիրական ավտոշարասյան շուրջ ստեղծված իրավիճակը: Մասնավորապես, ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը դեպի Լուգանսկ ավտոշարասյան մուտքի մասին տեղեկությունները նույն օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «լավ նորություն» է անվանել: Մինչդեռ ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Պավլիչենկոն ռուսական բեռնատարների մուտքը Ուկրաինայի տարածք վերջինիս տարածքային ամբողջականության աղաղակող խախտում է որակել:
Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը օգոստոսի 11-ին այց է կատարել Արդարադատության միջազգային դատարան: Այցելությունն սկսվել է Անվտանգության խորհրդի և Միջազգային դատարանի նախագահների անձնական հանդիպումով: Հանդիպման ժամանակ քննարկվել են բազմաթիվ ընթացիկ հարցեր, որոնք վերաբերում էին Միջազգային դատարանի կարևորությունը, դատարանի դերին, Անվտանգության խորհրդի հետ վերջինիս կապին, և կողմերի համար ընդհանուր նշանակություն ունեցող այլ կարևոր հարցեր: Այդ մասին տեղեկացնում է դատարանի պաշտոնական կայքը:
Արդարադատության միջազգային դատարանը ՄԱԿ-ի կարևորագույն դատական մարմինն է: Հիմնադրվել է 1945 թվականի հունիսին Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությամբ և իր գործունեությունն սկսել է 1946 թ. ապրիլին: Դատարանի նստավայրը Հաագայի (Նիդերլանդներ) Խաղաղության պալատն է: ՄԱԿ-ի 6 հիմնական մարմիններից միակն է, որ տեղակայված չէ Նյու Յորքում:
Ձեզ ենք ներկայացնում ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի վիրտուալ գրադարան (էլ․գրադարան), որտեղ ներառված են ՄԱԿ-ի հայաստանյան կառույցի բազմաբնույթ հրատարակումներ և տպագիր նյութեր, դասակարգված ըստ Հայաստանում գործող ՄԱԿ-ի գործակալությունների, ծրագրերի և հիմնադրամների: Հիմնականում հրատարակումներն ամբողջական են, տրված PDF տարբերակով:
05.06.2014-ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 68-րդ նստաշրջանում ընդունել է Վրաստանի կողմից առաջարկված «Աբխազիայից (Վրաստան) և Ցխինվալի շրջանից/Հրավային Օսիայից (Վրաստան) ներքին տեղահանված անձանց և փախստականների դրության մասին» բանաձևը: Բանաձևն ընդունվել է 69 կողմ, 13 դեմ և 79 ձեռնպահ ձայներով: Բանաձևի ընդունմանը դեմ է քվեարկել նաև Հայաստանի Հանրապետությունը:
Բանաձևում, մասնավորապես, նշված է. «Գլխավոր ասամբլեան ճանաչում է բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների և նրանց ժառանգների, անկախ իրենց անկախ էթնիկական պատկանելությունից, իրավունքը` վերադառնալու իրենց հարազատ տները Վրաստանի ողջ տարածքում` այդ թվում Աբխազիայում և Ցխինվալի շրջանում/Հրավային Օսիայում»: Փաստաթուղթը նախատեսում է վերոհիշյալ անձանց` իրենց տներ կամավոր, անվտանգ, արժանապատիվ ու անարգել վերադարձի ժամանակացույցի մշակում:
30.05.2014-ՄԱԿ-ի մի շարք անկախ փորձագետներ կարծում են, որ «սիրիական գործը» Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) հանձնելու` Անվտանգության խորհրդի (ԱԽ) անընդունակությունը միայն նպաստում է Սիրիայում մարդու իրավունքների դեմ նոր հանցանքների ավելացմանը:
Մայիսի 22-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանը և Չինաստանը վետո էին կիրառել այն նախագծի դեմ, որով նախատեսվում էր «սիրիական գործը» հանձնել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) քննությանը:
ՄԱԿ-ի` թվով 8 փորձագետները մարդու իրավունքների տարբեր կողմերին վերաբերող հատուկ հայտարարության մեջ ընդգծել են, որ Սիրիայում ազգային մակարդակով որևէ հետաքննության բացակայության պայմաններում «սիրիական գործի» հանձնումը ՄՔԴ-ին ԱԽ-ի պարտականությունն է: ՄԱԿ-ի փորձագետների հայտարարության մեջ, մասնավորապես ասված է. «Չնայած ՄԱԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների բազմաթիվ կոչերին` պատասխանատվության ենթարկելու Սիրիայում կատարվող հանցագործությունների մեղավորներին, անցյալ շաբաթ Մշտական անդամներից երկուսի` Ռուսաստանի ու Չինաստանի վետոյի հետևանքով Անվտանգության խորհուրդը չկարողացավ Սիրիայի իրավիճակին վերաբերող հարցը ՄՔԴ-ի քննությանը փոխանցելու որոշումն արտոնող բանաձև ընդունել: Կրկնակի վետոն, որը թույլ չտվեց ընդունել բանաձևը…կարող է Սիրիայի բնակչության իրավունքների հետագա լրջագույն խախտումների հանգեցնել: Մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անընդունակությունը կարող է հանգեցնել նոր չարագործությունների»:
Փորձագետներն ընդգծել են, որ բանաձևի ընդունումը կարող էր կարևոր քայլ հանդիսանալ սիրիական բնակչության պաշտպանության հարցում, ինչպես նաև կնպաստեր վերջ տալու նրանց անպատժելիությանը, ովքեր մարդու իրավունքների կոպիտ խախտումներ են թույլ տալիս: Այդ խախտումներից մի քանիսը կարելի է որակել իբրև մարդկության դեմ գործված հանցանքներ:
Ավելացնենք, որ հատուկ անկախ փորձագետները նշանակվում են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (նստավայրը` Ժնև) կողմից` առանձին երկրներում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի քննության համար: Փորձագետների գործունեությունը անկախ բնույթ է կրում, նրանք ՄԱԿ-ի աշխատակիցներ չեն և այդ աշխատանքի համար չեն վարձատրվում: