ՄԻԵԴ վճիռ. Քամիրովն ընդդեմ Ադրբեջանի

europea_court_of_human_rights_big
ECHR 271 (2014) 
25.09.2014
Քամիրովն ընդդեմ Ադրբեջանի (գանգատ թիվ 12535/06)

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Պալատը սեպտեմբերի 25-ին կայացրեց վճիռ Քամիրովն ընդդեմ Ադրբեջանի գործով (գանգատ թիվ 12535/06):Պալատը սույն գործով միաձայն որոշեց, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի առաջին արձանագրության 3-րդ հոդվածի (ազատ ընտրությունների իրավունք) խախտում:

Գործը վերաբերում է 2005թ. խորհրդարանական ընտությունների ժամանակ տեղի ունեցած խախտումների վերաբերյալ ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուի բողոքին: Դատարանը եզրակացրել է, որ զինված ուժերի ներկայացուցիչների համար առանձին ընտրատեղամասեր ստեղծելով` խախտվել է ընտակարգի վերաբերյալ ներպետական օրենսդրությունը: Դատարանը, հաշվի առնելով միջազգային դիտորդների կարծիքը այն մասին, որ եղել էր զինվորականների համար ընտրելու իրավունքի իրականացման հատուկ կարգի կազմակերպում, գտել էր, որ տեղի է ունեցել «ազատ ընտրությունների» իրավունքի խախտում:

Սկզբունքային փաստեր

Դիմումատու Հասսան Հուսեին օղլու Քամիրովը (ծնվ. 1954թ.) Ադրբեջանի քաղաքացի է: Պրն Քամիրովը Ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահն է և ընդդիմադիր թեկնածուն, ով պարտվել էր 2005թ. խորհրդարանական ընտրություններում: Նրա գանգատը վերաբերում է պատկան մարմինների կողմից իր ընտրատարածքում զինվորականների համար հատուկ ընտրատեղամասեր ձևավորելու առաջարկի մերժմանը: Ընտրական օրենսգրքի համաձայն, զինվորական անձնակազմը պետք է մասնակցի ընտրելու գործընթացին ընդհանուր ընտրատեղամասում: Նախատեսված է բացառություն հիմնական կանոնից, որը վերաբերում է այն զորամիավորումներին, որոնք տեղակայված են բնակելի տարածքներից դուրս: Հանրային տրանսպորտով մոտակա ընտրատեղամասին հասնելու համար պահանջվում է մի ժամից ավելի, իսկ ծառայողների ընդհանուր թիվը անցնում է 50-ը:

Իր պարտությունից հետո պրն Քամիրովը բողոք է ներկայացրել ընտրական հանձնաժողով` մասնավորապես, նշելով, որ իր ընտրատարածքում տեղի էին ունեցել ընտրակարգի բազմաթիվ խախտումներ, որոնց թվում նաև այն, որ, չնայած առկա բացառիկ հանգամանքին, հատուկ ընտրական տեղամասեր այդպես էլ չէին ստեղծվել, ընտրական տեղամասերը կազմակերպվել էին ընդհանուր ընտրատեղամասերից մի քանի քայլ հեռավորության վրա: 2005թ. նեյեմբերին վերաքննիչ դատարանը մերժել է պրն Քամիրովի բողոքը՝ հիմնավորելով, որ պրն Քամիրովը խախտումների վերաբերյալ չի ներկայացրել արժանահավատ ապացույցներ: Տվյալ որոշումը բողոքարկվել է վճռաբեկության  կարգով, Վճռաբեկ դատարանը վճիռը թողել է օրինական ուժի մեջ: 2005թ. դեկտեմբերին սահմանադրական դատարանը հաստատել է ընտրությունների արդյունքները ընտրատարածքների մեծ մասում, այդ թվում նաև պրն Քամիրովի ընտրատարածքում:

Բողոքը, ընթացակարգը, դատարանի կազմը

Հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության 3-րդ հոդվածի վրա՝ Դիմումատուն պնդում է, որ տեղի ունեցած խախտումները խախտել են ազատ ընտրությունների իր իրավունքը:

Վճիռը կայացվել է 7 դատավորներից կազմված պալատի կողմից. այդ թվում՝

  • Isabelle Berro-Lefèvre (Մոնակո)՝ նախագահ
  • Khanlar Hajiyev (Ադրբեջան)
  • Mirjana Lazarova Trajkovska (Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետություն)
  • Julia Laffranque (Էստոնիա)
  • Paulo Pinto de Albuquerque (Պորտուգալիա)
  • Linos-Alexandre Sicilianos (Հունաստան)
  • Erik Møse (Նորվեգիա), դատավորներ

Քարտուղար՝ Søren Nielsen:

Դատարանի վճիռը

Առաջին արձանագրություն 3-րդ հոդված

Դատարանը վճիռը կայացնելիս հաշվի է առել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների կազմակերպության կատարած զեկույցը, որը կայացվել է Ադրբեջանում 2005թ. խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Զեկույցում նշվել է, որ կազմակերպվել են հատուկ զինվորական ընտրական տեղամասեր՝ առանց հաշվի առնելու բացառիկ հանգամանքի բացակայությունը, ընտրական գործընթացը, ընտրողների մասնակցության մակարդակը այս տեղամասերում չեն եղել թափանցիկ, ընտրաթերթիկների նախշերը էապես տարբերվել են ընդհանուր ընտրական տեղամասերում եղածներից, հաղթած թեկնածուի օգտին տրված ձայների քանակը եղել է անհամեմատ ավելի շատ:

Դատարանը նշել է, որ ընտրական օրենսգրքի համաձայն, պետք է պահպանվեն մի շարք չափանիշներ, որպեսզի զինվորականներին թույլատրվի քվեարկել հատուկ ընտրական տեղամասերում: Այդ թվում՝ զինվորական ստորաբաժանումը պետք է տեղակայված լինի բնակելի տարածքներից դուրս, հանրային տրանսպորտով ընտրական տեղամաս հասնելու համար պետք է պահանջվի 1 ժամից ավելի, և ծառայողների թիվը պետք է լինի 50-ից ավելի:

Սույն գործով ծառայողների թիվը յուրաքանչյուր ստորաբաժանումում գերազանցել է 50-ը, սակայն մյուս երկու չափանիշները չեն համապատասխանել: Անվիճելի է եղել այն փաստը, որ ստորաբաժանումները տեղակայված են եղել բնակելի գոտիներում, իսկ ընտրական տեղամասերը միմյանցից գտնվել են մի քանի քայլ հեռավորության վրա: Այս ամենը հիմք է տալիս դատարանին արձանագրելու, որ ընտրական տեղամասերի կազմակերպումը խախտել է ընտրական օրենսգիրքը:

Հաշվի առնելով գործով պարզված հանգամանքները և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների կազմակերպության զեկույցը՝ Դատարանը արձանագրել է, որ զինվորականների համար հատուկ ընտրական տեղամասերի կազմակերպումը խախտել է ընտրական օրենսգրքով սահմանված կարգը, իսկ ներպետական դատարանները մերժել են պրն Քամիիրովի բողոքը՝ առանց պատշաճ քննություն իրականացնելու: Դատարանը նաև մատնանշել է նաև այն, որ ուրիշ էլ ինչ «արժանահավատ ապացույց» կարող էր լինել, քան առանց համապատասխան օրենսդրական հիմքի հատուկ ընտրատարածքների առկայությունը:

Այս  ամենը բավարար է  դատարանի համար, որպեսզի արձանագրի, որ պատկան մարմինները ձախողել են ընտրությունների պատշաճ կազմակերպումը պրն Քամիրովի ընտրատարածքում, ինչն էլ համարվում է ՄԻԵԿ առաջին արձանագրության 3-րդ հոդվածի խախտում:

Արդարացի փոխհատուցում

Դատարանը սույն գործով ի օգուտ պրն Քամիրովի սահմանել է 7,500 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում և 2,544 եվրո՝ որպես դատական ծախսերի հատուցում:

Վճռի բնօրինակին անգլերեն լեզվով կարող եք ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանություններ

հետևեք ձեր կայքից

Թողնել մեկնաբանություն

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք :
ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: