Պուտինը ստորագրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման մասին օրենքը

PutinՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 23-ին ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանարպետության անդամակցության պայմանագրի վավերացման մասին օրենքը: Այդ մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը: 

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 10-ին, ԴՌ Պետական դուման ընդունել էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման մասին օրենքը, իսկ դեկտեմբերի 17-ին այն հաստատվել էր Դաշնային ժողովի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի կողմից:

Փաստաթղթով նախատեսվում է, որ Հայաստանը կմիանա ԵՏՄ-ի մասին պայմանագրին, ինչպես նաև Մաքսային միության շրջանակում կնքված այլ միջազգային պայմանագրերին: Նշվում է, որ կվերանայվեն Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ Հայաստանի սակագնային պարտավորությունները, ինչպես նաև կհստակեցվի ԵՏՄ-ի Միասնական մաքսային դրույքաչափը:

Վավերացված պայմանագիրը նախատեսում է 1-8 տարի անցումային շրջան՝ Հայաստանի ներմուծման մաքսային դրույքաչափերը Միասնական մաքսային դրույքաչափին համապատասխանեցնելու համար: Մասնավորապես, 12-ից 60 ամիս անցումային շրջան է նախատեսվում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ներմուծման համար, երեք տարի՝ մտավոր սեփականության իրավունքի և օբյեկտների պահպանության ու պաշտպանության հարցերի համաձայնեցման համար:

Անցումային շրջանում ԵՏՄ անդամ երկրներն իրավունք ունեն հատուկ կարգ սահմանել իրենց տարածք Հայաստան ներմուծվող ապրանքների ներկրման համար: Բացի այդ, պայմանագրով վերապահվում են այլ պետությունների տարածքով ապրանքների տարանցման առանձնահատկությունները նույնականացման հատուկ միջոցների կիրառմամբ, և կանոնակարգում են սանիտարական, անասնաբուժա-սանիտարական և կառանտինային ֆիտոսանիտարական միջոցների կիրառման հետ կապված հարցերը:

Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից այս տարվա մայիսի 29-ին Աստանայում: Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը ստորագրվել է այս տարվա հոկտեմբերի 10-ին Մինսկում՝ ՌԴ-ի, Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի նախագահների կողմից: Համաձայն պայմանագրի՝ Հայաստանի Հանրապետությունը ԵՏՄ-ի լիիրավ անդամ կդառնա պայմանագիրը ուժի մեջ մտնելուց, այսինքն՝ բոլոր մասնակից երկրների կողմից այն վավերացվելուց հետո, բայց ոչ շուտ, քան 2015 թ. հունվարի 1-ը:

Մեկնաբանություններ

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: