aa

Փերինչեքը չի կարող ՄԻԵԴ-ում կայանալիք դատին ներկա լինել. նրան արգելված է լքել երկիրը

Թուրքիայի աշխատավորական կուսակցության անդամ Ջեմ Յըլդըրըմը հաղորդագրություն է տարածել կուսակցության նախագահ, հայտնի հայատյաց Դողու Փերինչեքի դատական գործի վերաբերյալ՝ կոչ անելով թույլ տալ նրան լքել Թուրքիան ու մասնակցել դատին: Այս մասին «araxnews.com»-ի փոխանցմամբ հայտնել է թուրքական «Բոր հաբեր» կայքը։

Մասնավորապես, Ջեմ Յըլդըրըմն իր տարածած հաղորդագրության մեջ նշել է. ««Հայոց ցեղասպանությունը միջազգային սուտ է» խոսքերի համար շվեյցարական դատարանի կողմից մեղավոր ճանաչված Դողու Փերինչեքը 2013 թվականին արդարացվել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։ Իր հերթին, Շվեյցարիայի կառավարությունը դիմել էր ՄԻԵԴ՝ բողոքարկելու Փերինչեքի գործով որոշումը։ Այսպիսով, հունվարի 28-ին Ստրասբուրգում ՄԻԵԴ-ը քննելու է «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը, և ինչպես 2013 թվականին դատարանը Փերինչեքին մեղավոր չճանաչեց, այս անգամ էլ հաղթանակած ենք դուրս գալու»։

«Սակայն ավելի վաղ Թուրքիայում ցմահ ազատազրկման դատապարտված, այնուհետև ազատ արձակված Դողու Փերինչեքին արգելված է լքել երկրի տարածքը, այդ իսկ պատճառով վերջինս չի կարող մասնակցել հունվարի 28-ին կայանալիք դատին», – ասվում է հաղորդագրության մեջ։

Յըլդըրըմը հավելել է, որ սա ոչ միայն Փերինչեքի, այլև ամբողջ Թուրքիայի «ազգային դատն» է, ուստի կոչ է արել թույլ տալ իր կուսակցության ղեկավարին մեկնել Ստրասբուրգ։

Նյութի մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի նախապատմությունը

Թուրքիայի Աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը քրեական հետապնդման է ենթարկվել Հայոց ցեղասպանության իրողությունը հրապարակայնորեն ժխտելու, մասնավորապես՝ 2005 թվականին Շվեյցարիայում կայացած մի շարք գիտաժողովների ժամանակ այն«միջազգային սուտ» որակելու համար:

2005 թվականի հուլիսի 15-ին «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիան բողոք է ներկայացրել Փերինչեքի դեմ, և 2007 թվականի մարտի 9-ին Լոզանի Ոստիկանության դատարանը Փերինչեքին մեղավոր է ճանաչել՝ Շվեյցարիայի քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (ռասայական խտրականություն) Հայոց ցեղասպանության իրողությունը միտումնավոր ժխտելու համար՝ պարտավորեցնելով վճարել 12 հազար շվեյցարական ֆրանկ տուգանք:
 
Փերինչեքը  բողոքարկել է այդ վճիռը՝ պահանջելով վերաքննել գործը և հարցի շուրջ անցկացնել ուսումնասիրություն, սակայն Վո կանտոնի վերաքննիչ դատարանը մերժել է նրա բողոքը նույն թվականի հունիսի 19-ին: Վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշվեց, որ Հայոց ցեղասպանությունը նույնպիսի պատմական փաստ է, ինչպես հրեաների Հոլոքոսթը, և այն որպես այդպիսին ճանաչվել է շվեյցարական օրենսդրական մարմնի կողմից: Փերինչեքն այս վճիռը բողոքարկել է Շվեյցարիայի Դաշնային գերագույն դատարանում, որը 2007 թվականի դեկտեմբերի 12-ին մերժել է բողոքը և վերահաստատել է Վոյի շրջանային վերաքննիչ դատարանի վճռի օրինականությունը: 
 
2008 թվականի հունիսի 10-ին Դ. Փերինչեքը ընդդեմ Շվեյցարիայի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ՝ պնդելով, որ շվեյցարական դատարանները խախտել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով (արտահայտվելու ազատություն), 7-րդ հոդվածով (պատիժ բացառապես օրենքի հիման վրա), ինչպես նաև մի շարք այլ հոդվածներով երաշխավորված իր իրավունքները: Նա վիճարկել է, մասնավորապես, շվեյցարական քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածի 4-րդ մասը՝ այն գնահատելով որպես ոչ բավարար կանխատեսելի, իսկ դատավճիռը՝ ոչ  օրինական: 

ՄԻԵԴ-ը 2013 թ. դեկտեմբերի 17-ին «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով կայացրած դատավճռում բավարարել էր Փերինչեքի ներկայացրած հայցը, ըստ որի՝ Շվեյցարիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, և իր որոշման մեջ նշել էր, որ «Փերինչեքի քրեական դատապարտումը 1915 թ. և դրանից հետո հայ ժողովրդի դեմ կատարված վայրագությունների մերժման համար արդարացված չէր»: Ըստ ՄԻԵԴ-ի՝ շվեյցարական քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածը արտահայտվելու ազատությունը կաշկանդող տարրեր է պարունակում:

Մասնավորապես, Եվրոպական դատարանի որոշման համաձայն՝ «զգայուն և հակասական բնույթ կրող հարցերի ազատ քննարկման իրավունքի ազատ իրականացումը կարծիք արտահայտելու ազատության հիմնարար չափանիշներից է և դրա միջոցով հանդուրժողական, բազմակարծ  ու ժողովրդավարական հասարակությունը տարբերվում է ամբողջատիրական և բռնատիրական ռեժիմներից»:

Բազմաթիվ իրավաբանների համոզմամբ՝  ՄԻԵԴ-ը նաև, որոշակիորեն սահմանազանցելով իր գործառույթները, փորձում է տարբերակում մտցնել Հայոց ցեղասպանության և հրեական Հոլոքոստի միջև` նշելով, որ վերջինի  եղելությունն ապացուցված է մի շարք անհերքելի պատմական փաստերով, ինչպես օրինակ՝ գազային խցերի առկայությամբ:  

2014 թվականի մարտի 17-ին Շվեյցարիայի իշխանությունները բողոքարկել են ՄԻԵԴ-ի վերոհիշյալ վճիռը: Իսկ 2014թ. հունիսի 2-ին ՄԻԵԴ-ը որոշում է ընդունել գործի քննությունը դատարանի Մեծ պալատ ընդունելու մասին: 

2014 թ. օգոստոսին Հայաստանի Հանրապետությունը դիմել էր Եվրոպական դատարանին՝ գործով որպես երրորդ կողմ ներգրավվելու համար, և սեպտեմբերի 26-ին ՄԻԵԴ-ը հաստատել է ՀՀ մասնակցությունը: Գործին որպես երրորդ կողմ կմասնակցի նաև Թուրքիան:

Մեկնաբանություններ

Պիտակներ

admin

This information box about the author only appears if the author has biographical information. Otherwise there is not author box shown. Follow YOOtheme on Twitter or read the blog.
ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: