Գյումրիում կատարված սպանության քննումը ՀՀ իրավազորության ներքո է. Ռուբեն Մելիքյան

MelikyanԳյումրիում հունվարի 12-ին կատարված սպանության գործը քննելու հարցը, համաձայն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 1997թ. կնքված ռուսական ռազմաբազայի մասին միջազգային պայմանագրի, ՀՀ իրավազորության ներքո է, իսկ մինչ այդ կատարված հանցագործությունը` դասալքություն, զենքի վարվեցողություն` ՌԴ իրավազորության:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում իր տեսակետն է հայտնել ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր, քրեական դատավարության իրավունքի մասնագետ Ռուբեն Մելիքյանինը:

Մասնավորապես, Մելիքյանը նշել է, որ խնդիրն իրավական է, հետևաբար, հարցի կարգավորումները պետք է հիմնված լինեն իրավական կանոնակարգումների վրա: Քրեական դատավարության իրավունքի մասնագետը նշում է, որ պայմանագիրը կարգավորում է իրավազորության հարցերը ՌԴ ռազմաբազայի զինվորական ներկայացուցիչների միջև, որը նախատեսում է հստակ կարգավորումները:

«Որպես հիմնական կանոն տարածվում է Հայաստանի Հանրապետության իրավազորությունը ՌԴ զինվորական բազայում ծառայող ՌԴ զինվորականների կողմից կատարված հանցագործությունների վրա: Սա պայմանագրի 4-րդ կետն է: Միևնույն ժամանակ, սահմանված է բացառություն ընդհանուր կանոնից, համաձայն որի, որոշ դեպքերում կարող է տարածվել ՌԴ իրավազորությունը: Շատ հստակ նշված է երեք դեպք, որոնք սահմանված են պայմանագրի 5-րդ հոդվածում: Այն հանցանքները, որ կատարվել են ՌԴ ռազմակայանի տարածքում, այն հանցանքները, որ կատարվել են ՌԴ կամ նրանց ընտանիքի անդամների դեմ, որոնք նե առված են ռուսական ռազմաբազայում և երրորդ կետը` զինվորական հանցագործությունն է: Այս երեք կատեգորիայի գործերը` համաձայն պայմանագրի, փոխանցված է ՌԴ իրավազորությանը: Հիմա այստեղ խնդիրն այն է, որ մենք գործ ուենք մեկից ավելի հանցագործությունների հետ: Եթե խոսքը վերաբերում է սպանությանը, ապա այն որևէ կերպ չի ներառվում այդ երեք կատեգորայի մեջ, բայց միևնույն ժամանակ, մինչ այդ հանցանքը կատարելը կասկածյալը ենթադրաբար կատարել է նաև այլ հանցանքներ` մասնավորապես, զորամասը ինքնակամ լքելը, զենքի վարվեցողության կանոնների խախտումը: Այստեղ որոշակ խնդիր կա, քանի որ կատարված երկու հանցանքներից մեկը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, մյուսը` ՌԴ իրավազորությանն է ենթակա»,- ասել է Ռուբեն Մելիքյանը` հավելելով, որ պայմանագրով այս հարցի ուղիղ կարգավորում նախատեսված չէ:

«Չեմ բացառում, որ քանի որ միջազգային պայմանագրում ՌԴ իրավազորությունը որպես բացառություն է սահմանված, իսկ որպես կանոն սահմանված է Հայաստանի իրավազորությունը, ապա իրավամեկնաբանողական տեսանկյունից նման վիճելի դեպքերում պետք է տարածվի Հայաստանի առաջնային իրավազորությունը: Սա էլ հստակ կարգավորված չէ և չկա հստակություն, թե ինչպես պետք է իրականացվի այդ կարգավորումը»,- ասաց Մելիքյանը` կրկին շեշտելով, որ մեկից ավելի հանցանք է կատարվել, որից մեկը մի պետության իրավասության ներքո է մյուսը` մեկ այլ: «Այստեղ որոշակի կերպով պայմանագրի մեկնաբանման խնդիր կա և կարծում եմ, որ հաշվի առնելով հարաբերությունների բարձր մակարդակը ՌԴ-ի հետ, այդ հարցը կկարգավորվի: Միաժամանակ պետք է փաստել, որ որևէ կերպ պայմանագիրը չի սահմանում հնարավորությունը, որ սպանության փաստը քննվի ՌԴ իրավասու մարմինների կողմից: Կազուսը վերաբերում է նրան, որ եթե քննությունը իրականացվում է ՌԴ-ի կողմից, ապա չկա որևէ հիմք, որ նրանք քննեն սպանության հետ կապված փաստը: Սակայն, եթե մենք մեկնաբանում ենք պայմանագիրը և առանձնացնում կանոնն ու բացառությունը, ապա սպանության քննումը ՀՀ իրավազորության ներքո է»,- ասել է նա:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա է հասել հրազենից արձակված կրակոցների հետևանքով։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ։

Կասկածյալին ռուսական 102-րդ ռազմաբազայի շարքային զինծառայող Վալերի Պերմյակովին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Նա տվել է առաջին ցուցմունքը և խոստովանել հանցանքը:

Մեկնաբանություններ

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: