Հայկական կողմը Պերմյակովին մեղադրանք է առաջադրել

Լուսանկարը՝ «Aravot.am»-ի

Լուսանկարը՝ «Aravot.am»-ի

Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով որպես մեղադրյալ ներգրավված Վալերի Պերմյակովին այսօր մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հայաստանցի քննիչները այս պահին գտնվում են ռուսական 102-րդ ռազմաբազայում և հարցաքննում են մեղադրյալին: Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ:

Քննչական կոմիտեից նաև հայտնում են, որ Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահներ Աղվան Հովսեփյանի և Ալեքսանդր Բաստրիկինի երեկ ստորագրած համաձայնագրով ստեղծված համակարգող շտաբի կազմում ընդգրկված է 10 անձ՝ երկու երկրների քննչական կոմիտեների ներկայացուցիչներ, քրեագետներ:

Հիշեցնենք, որ համակարգող շտաբը ստեղծվել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքում համագործակցության արդյունավետությունն ապահովելու նպատակով:

«Քրեական գործի քննությունը և բոլոր դատավարական գործողությունները կիրականացվեն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ինչպես նաև՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին» համաձայնագրով սահմանված սկզբունքների համաձայն», – մասնավորապես ասված է Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Ըստ նույն աղբյուրի՝ «հանդիպման ընթացքում ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հավաստիացրել է, որ Պերմյակովի նկատմամբ քրեական գործի քննությունը, նախաքննությունը և հետագայում դատավարությունը տեղի կունենա բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում»: 

Մեկնաբանություններ

admin

This information box about the author only appears if the author has biographical information. Otherwise there is not author box shown. Follow YOOtheme on Twitter or read the blog.
ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: