Լուսանկարը՝ Ազատություն TV-ի

«Ի՞նչ եք սպասում, ինչի՞ եք սպասում։ Սպասում եք ռազմագերիների կացնահարմանը՞». Նոր սանկցիաների և հեռացումների կիրառում Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստին

«Ես իմ պաշտպաններից չեմ հրաժարվում: Ինչ վերաբերում է նրանց բացակայությանը, ապա նրանք առանց իմ ներկայության իրավունք չունեն ներկայանալ դատական նիստերին»,- այս մասին հայտարարեց «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Ժիրայր Սեֆիլյանը:Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը, դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ: Նիստին ներկա չէին ամբաստանյալներից և պաշտպաններից շատերը, քանի որ, նախորդ նիստի ժամանակ, ամբաստանյալների մեծամասնությանը դատարանի դահլիճից հեռացվել էին դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար:

Դատական նիստն առաջին իսկ վայրկյաններից թեժ սկսվեց: Քննարկվում էր գործով մեղադրող նոր դատախազի ներգրավվումը, որից հետո, ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպան Նինա Կարապետյանցը փորձեց հայտարարությամբ հանդես գալ, սակայն, դատավոր Գրիգորյանը արգելեց նրան կարծիք հայտնել կամ անգամ խոսել.

«Դուք չեք կարող կարծիք հայտնել այս հարցի շուրջ, քանի դեռ Ձեր պաշտպանյալի գործի վարույթը չենք սկսել: Մենք Ձեզ կանչել ենք այստեղ, որ հետո չընկնենք ման գանք»,- իր խոսքը եզրափակեց դատավորը, որից հետո պաշտպան Կարապետյանցը լքեց նիստերի դահլիճը:

Այնուհետև դատարանի դահլիճ բերվեց ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանը, ում համար Հանրային պաշտպան էր նշանակվել Արկադյա Գևորգյանի, ումից հենց տեղում հրաժարվեց ամբաստանյալը. «Ես չեմ ցանկանում պաշտպան՝ հետագա բարդություններից խուսափելու համար»:

Ի պատասխան այս դիտարկմանը, դատավորը ընդհատեց Գրիգորյանի խոսքը, նշելով, որ թող իրեն չհուզի բարդությունները և դահլիճից դուրս հրավիրեց Գալուստ Գրիգորյանին:

Ժիրայր Սեֆիլյանի պաշտպաններ Տիգրան Եգորյանը և Տիգրան Հայրապետյանը ներկա չէին դատական նիստին: Նրանիցից միայն Տիգրայն Եգորյանն էր ներկայացրել ծանուցագիր, նշելով, որ վատառողջ է, բացի այդ էլ իմաստ չի տեսնում իր ներկայանալը նիստին, քանի որ իր պաշտպանյալը նույնպես նիստին ներկա չի լինելու:

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ընդմիջում հայտարարեց և գնաց խորհրդակցական սենյակ՝ Տիգրան Հայրապետյանի նկատմամբ որոշում կայացնելու համար, քանի որ նա իր բացակայության պատճառի մասին չէր ծանուցել դատարանին:

Նիստի ընդմիջման ժամանակ, մի կին ոտքի կանգնեց՝ ներկայանալով «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Անահիտ Խաչատրյան, և հայտարարություն տարածեց Ժիրայր Սեֆիլյանի անունից, որում մասնավորապես ասվում էր. «Խոսքս ուղղում եմ այն մարդկանց, որոնք ունեն առաքելություն ոտքի կանգնեցնելու մեր ժողովրդին և տապալելու թրքաբոլշևիկյան, ենիչերական առկա ռեժիմի համակարգը Ի՞նչ եք սպասում, ինչի՞ եք սպասում Սպասում եք ռազմագերիների կացնահարմանը՞»: Մեր այն հարցին, թե որտեղի՞ց է հայտարարությունը փոխանցվել իրեն, կինն ասաց, որ դա այդքան էլ կարևոր չէ, և, ոստիկանական շարքերում էլ կան բարի մարդիկ:

Ընդմիջման ավարտից հետո, դատավորը կարգադրեց ներս բերել ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանին, որից հետո հայտարարեց, որ արդեն 3 նիստ է, ինչ պաշտպան Հայրապետյանը չի ներկայանում դատական նիստերին, և առաջարկեց ընտրել մեկ այլ պաշտպան, հակառակ դեպքում, դատարանն ինքը կնշանակի պաշտպան: Ամբաստանյալ Սեֆիլյանը հրաժարվեց դատավորի առաջարկից, հստակ պնդելով, որ իր պաշտպաններն են Տիգրան Եգորյանը և Տիգրան Հայրապետյանը, ինքը չի հրաժարվում նրանիցից և նրանք էլ կշարունակեն պաշտպանել իրեն, սակայն, դատավորը մեկ ժամ ժամանակ տվեց ամբաստանյալին մտածելու համար. «Ինձ մեկ րոպեն էլ է հերիք, իմ պաշտպանը լինելու է Տիգրան Հայրապետյանը»,- իր խոսքն ասաց Սեֆիլյանը:

Ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանը նույնպես հրաժարվեց նոր պաշտպանից, նշելով, որ իր պաշտպանությունն իրականացնելու է Տիգրան Եգորյանը, չնայած, դատավորի այն պնդմանը, որ պաշտպան Եգորյանն արդեն 4-րդ նիստն է, ինչ չի ներկայանում:

Հաջորդ ամբաստանյալ Ներսես Պողոսյանը նշեց, որ բացի պաշտպան Նինա Կարապետյանցից, իր շահերը կպաշտպանի նաև Արայիկ Պապիկյանը: Դատարանն ընդհատեց ամբաստանյալին, նշելով, որ Արայիկ Պապիկյանն արդեն չորրորդ նիստն է՝ բացակայում է։ «Արայիկ Պապիկյանը չորրորդ նիստն է, ինչ բացակայում է, իսկ որպեսզի Ձեր շահերի պաշտպան ներգրավվի Նինա Կարապետյանցը, նիստն ընդմիջվում է 1 ժամով՝ նրա ներկայությունն ապահովելու համար»,-ասաց նիստը նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ու հեռացավ:

Մեկ ժամ ընդմիջումից հետո, դատավոր Գրիգորյանը ներկայացրեց, որ դատարանը արդեն 3-րդ անգամ է սանկցիա կիրառում Արայիկ Պապիկյանի նկատմամբ և կդիմի Փաստաբանների պալատ փաստաբանին պատասխանատվության ենթարկելու պահանջով, որից հետո պաշտպանը լքեց նիստերի դահլիճը:

Այնուհետև լրագրողների հետ զրույցի ժամանակ, պաշտպան Պապիկյանը ասաց, որ չի լքել նիստերի դահլիճը, այլ կատարել է իր պաշտպանյալի պահանջը:

Դատական սանկցիա կիրառվեց նաև ամբաստանյալ Սասունիկ Կիրակոսյանի նկատմամբ, քանի որ, ինչպես նկատեց դատավոր Գրիգորյանը, նիստի քարտուղարի՝ «Ոտքի՛, դատարանն է գալիս» խոսքից հետո, ամբաստանյալը ոտքի չի կանգնել, այսպիսով անհարգալից վերաբերմունքն է ցույց տվել դատարանի նկատմամբ.

«Ձեր ոտքի չկանգնելը կապ ունի՞ Ձեր առողջական խնդրի հետ: -Իհարկե, ո՛չ, ինչպես ընկերներս ոտքի չեն կանգնել, այնպես էլ ես»:

Դատարանը 10 ժամով դատական նիստերի դահլիճից հեռացրեց Սասունիկ Կիրակոսյանին: Նախորդ նիստի ժամանակ դատարանը 10 ժամով դատական նիստերի դահլիճից հեռացրել էր Գևորգ Սաֆարյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Ներսես Պողոսյանին, Հրայր Թոփչյանին և Գալուստ Գրիգորյանին:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է 2015թ. ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 100- ամյա տարելիցի օրը, մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաև Գևորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին և Հովհաննես Պետրոսյանին:

Նյութը՝ Ռոզա Վարդանյանի

Մեկնաբանություններ

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: