Աշխատանքային խտրականություն

Երեխա ունեցող կանայք՝ աշխատանքային խտրականության զոհ

Հայաստանի բնակչության ավելի քան 18%-ը գործազուրկ է, մոտավորապես 224 հազար քաղաքացիներ: Այլ կերպ ասած` աշխատունակ 11 քաղաքացիներից 2-ը գործազուրկ են: Սրանք 2016թ. սեպտեմբերի պաշտոնական տվյալներն են:  2016 թվականի դրությամբ գործազրկության թիվը ըստ սեռի կազմում է՝ տղամարդիկ 27 404, իսկ կանայք՝ 53 088:  

Ըստ  ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ կարելի է ենթադրել, որ գործազուրկ կանանց թիվը գերակշռում է։  Հայստանում   կանանց չեն վերաբերվում հավասարը հավասարի հետ տղամարդկանց համեմատ:

Աշխատանք փնտրող կանանց հանդեպ խտրականությունը չի սահմանափակվում սեռով, լինում են նաև տարիքի և նույնիկ երեխա ունենալու փաստի վերաբերյալ սահմանափակումներ, որը հանգեցնում է խտրականության դրսևորմանը:

Աշխատանքային օրենսգրքի 15-րդ հոդվածը սահմանում է, որ աշխատանքային իրավունքներ ունենալու եւ պարտականություններ կրելու ունակությունը (աշխատանքային իրավունակություն) հավասարապես ճանաչվում է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար:

Որպես գործատու կարող են հանդես գալ ինչպես պետական, այն­­պես Էլ ոչ պետական (մասնավոր) ձեռնարկությունները։ Աշխա­տան­քա­յին օրենսդրությունը տարածվում Է և պետական, և մասնավոր ձեռ­նար­կությունների վրա։

    Աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածը սահմանում է, որ աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ  աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա:
Վերջին շրջանում շատ են հանդիպում դեպքերը, երբ կանայք բողոքում են, որ այս կամ այն գործատուն իրենց աշխատանքի չի վերցնում երեխա ունենալու պատճառով, քանի որ մտածում է, որ տվյալ կինը չի կարող պատշաճ և պարտաճանաչ անել իր պարտականությունները:

Մեր օրերում՝ ՀՀ, դժվար է աշխատանք գտնելը, բայց երբ կին ես ու նվազագույնը 1 երեխա ունես՝  էլ ավելի դժվար:  Ինչո՞ւմն է կայանում խնդիրը, սա գործատուի նախասիրությունն է, թե՞ մարքետինգային քայլ:

«Երեխա ունեցողներին փորձում եմ աշխատանքի չվերցնել, քանի որ շատ դեպքերում, հատկապես երբ երեխան փոքր է լինում, կնոջ ուշադրությունը տանն է՝ երեխայի հետ: Ամեն պահ փորձում է ազատ ժամանակ գտնել որպեսզի զանգահարի տուն, վատթարագույն դեպքում ուշանում է գործից, խնդրում է շուտ գնալ, կամ էլ հանգստյան ավել օր է խնդրում երեխայի առողջական պատճառներից դրդված» ,- մեզ հետ զրույցում նշեց խանութի տնօրեն Գրիգոր Սիմոնյանը :

Վերջինս հավելեց, որ այս ամենի պատճառով տուժում է խանութի առք ու վաճառը, ուստի խուսափելը ճիշտ է և արդյունավետ:

«Մի քանի դեպքեր եղել են, որ աշխատանքի ընդունել եմ երեխա ունեցող կնոջը, սակայն աշխատանքի ժամանակ՝ 2 ժամը մեկ նա խնդրում էր տուն գնալ և կերակրել իր փոքրիկին» ,- հավելեց նա:

Աշխատանքային օրենսգիրքով չկա սահմանափակում աշխատողների միջև՝  կին թե՞ տղամարդ, երեխա ունեցող թե՞ չունեցող կին:

Մենք փորձեցինք փոքրիկ հետազոտության միջոցով պարեզել թե կանայք իրենց երեխաներ ունենալու փաստի պատճառով արդյո՞ք ենթարկվում են խտրականության գործատուի կողմից, թե՞ ոչ: Արդյունքները բավականին հետաքրքիր էին:

Անանուն հարցված 500-ից ավել կանանց 16 %-ը պատասխանել է, որ դիմել է որևէ աշխատանքի և երեխա ունենալու պատճառով աշխատանքի չի ընդունվել, իսկ մնացած 79% կանայք տարբեր պատճառներ նշեցին՝ երեխաների մեծանալուն սպասելուց մինչև աշխատանքային ոչ համապատասխան գրաֆիկը, սակայն պատասխանների մեջ գերակշռում էր այն, որ վերջիններս չեն դիմել աշխատանքի ընդունվելու համար, քանի որ պատասխանը մերժելու վերաբերյալ կանխատեսելի է եղել:

 Դեպքերը մանարամասնելու խնդրանքով, մի քանի քաղաքացիներ պատմեցին իրենց հետ պատահած դեպքը, որոնք հիմնականում միանման էին՝ դիմել են աշխատանքի, գործատուն իմացել է երեխա կամ երեխաների ունենալու մասին և մերժել:

«Ես ունեմ 2 երեխա՝ 6 և 5 տարեկան, երեխաներս հաճախում են մանկապարտեզ, իսկ ես ամեն անգամ փորձում եմ աշխատանք գտնել, պատրաստ եմ եղել նույնիս ոչ մասնագիտական աշխատանքի, սակայն երբ գործատուն իմանում է, որ փոքրիկ ունեմ, այն էլ 2-ը, ապա գեղեցիկ ձևով հասկացնում է, որ չի կարող ինձ աշխատանքի ընդունել» ,- մեզ հետ զրույցում նշեց 29-ամյա Մարիաննան, հավելելով, որ եթե գործատուները աշխատանքի չեն վերցնում երեխա ունեցող կանանց, ապա ինչպե՞ս պետք է կարողանան այդ երեխաներին պահել, և քիչ թե շատ օգնել ամուսիններին:

«Նման դեպքերում, ՀՀ-ում  լավագույն դեպքում դատարան դիմում են քաղաքացիական հայցով։ Այս պարագայում դժվար է ապացուցել խտրականության դեպքերը, քանի որ գործատուները, որպես կանոն այլ պատճառ չեն նշում հենց ձեզ  աշխատանիքի չընդունելու համար։ Սակայն նույնիսկ խտրականության փաստի առկայությունը  դատական կարգով  ապացուցելու դեպքում,  հաղթանակը միայն բարոյական է» ,- պարզաբանում է իրավաբան Ռուզաննա Հարությունյանը։

Հայաստանում խտրականության դեպքերի դրսևորումները տարբեր են՝ կրթությունից մինչև սեռային խտրականություն:

«․․․պետությունները ձեռնարկում են բոլոր համապատասխան միջոցները զբաղվածության բնագավառում կանանց նկատմամբ խտրականությունը վերացնելու համար այն հաշվով, որպեսզի տղամարդկանց և կանանց համահավասարության հիման վրա հավասար իրավունքներ ապահովեն, մասնավորապես` ա) աշխատանքի իրավունքը, որպես բոլոր մարդկանց անքակտելի իրավունք և  բ) աշխատանքի վարձվելիս միատեսակ հնարավորությունների իրավունքը, այդ թվում` վարձվելիս ընտրության միատեսակ չափանիշների կիրառումը» ,- սահմանում է ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին»  Կոնվենցիայի Հոդված 11-ը,  որը ՀՀ-ին նունպես վերաբերում է։

 

Նյութը՝ Ազնիվ  Սիրադեղյանի

Մեկնաբանություններ

Պիտակներ, , ,

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: