Տիգրան Եգորյան 2

Հաց բերողը դեմ էր առանց իր իմացության ցանկացած միջամտությանը. շարունակվեց Տիգրան Եգորյանի դեմ բողոքի քննությունը

Փաստաբանների պալատում շարունակվում է «Ազատություն և հայրենիք» հիմնադրամը ներկայացնող Արուսյակ Հայրապետյանի բողոքը՝ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի փաստաբան Տիգրան Եգորյանի դեմ: Հիշեցնենք՝ Արուսյակ Հայրապետյանն իր բողոքում պնդում է, որ փաստաբան Եգորյանը համապատասխան աշխատանքներ չի կատարել և թերացել է պաշտպանական կողմ իրականացնելու ամիսների ընթացքում: Մասնավորապես, Արթուր Սարգսյանը տառապել է Բեխտերևի հիվանդությամբ, որն ըստ էությամբ արգելում է՝ «մի քանի ժամ անգամ մնալ հայաստանյան բանտում, քանի որ ամեն ժամը կարող է բախտորոշ լինել Արթուրի համար»,- իր խոսքում նշել էր Արուսյակ Հայրապետյանը:

            Այսօրվա նիստին ներկա էին Փաստաբանական պալատի խորհրդի անդամները՝ Կարեն Մեջլումյանի նախագահությամբ, «Ազատություն և հայրենիք» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Հայրապետյանը, նրա դուստր՝ Արուսյակ Հայրապետյանը, նախկին լրագրող՝ Թեհմինե Ենոքյանը և գործով մեղադրվող, փաստաբան՝ Տիգրան Եգորյանն ու իր ներկայացուցիչները:

            Ինչպես նախորդ նիստին, այս անգամ ևս նիստը սկսվեց Տիգրան Եգորյանի կողմից բացարկի միջնորդությամբ: Այս անգամ նա առաջարկեց բացարկ կիրառել խորհրդի անդամ Կարապետ Աղաջանյանի նկատմամբ, նշելով, որ նախորդ նիստին Աղաջանյանը հարգալից չի եղել իր հանդեպ, այսպիսով՝ հարկ չի համարում, որ նա լինի խորհրդի կազմում:

Կարապետ Աղաջանյանը հակադարձեց Եգորյանին, նշելով, որ ոչ մի անձնական կողմնապահություն չի կարող լինել իր կողմից: Խորհուրդի նախագահն ընդմիջում հայտարարեց՝ քննելու բացարկի միջնորդությունը։ Սակայն, ընդմիջման ժամանակ Աղաջանյանն ինքնակամ լքեց խորհրդատվական սենյակը և հեռացավ, չնայած այն բանին, որ խորհուրդը չբավարարեց Տիգրան Եգորյանի միջնորդությունը:

            Տիգրան Եգորյանն ասաց, որ նախորդ նիստից իր մոտ հարցեր են մնացել, որոնք ցանկանում է հղել դիմող կողմին։

Այս անգամ ևս Արուսյակ Հայրապետյանն ու Թեհմինե Եգորյանը չպատասխանեցին և ոչ մի հարցի:

Տիգրան Եգորյանն անցավ բացատրական ճառին, մասնավորեցնելով, որ դիմումատուները ոչ մի փաստեր և հիմնավորումներ չեն ներկայացրել և սա ավելի շատ զրպարտության է նման.

«Զրպարտություն է հենց այն պատճառով, որ այս մարդիկ չունենալով որևէ փաստական տեղեկություններ, սկսել են սոցիալական ցանցերով և ԶԼՄ-ներով տարածել զրպարտություն, դրանով նաև վնասելով փաստաբաններին, այս դեպքում նաև իմ նախկին պաշտպանյալ Արթուր Սարգսյանի պաշտպանյալներին, ինչպես նաև իմ կազմակերպությանը: Եվ դա արել են այն ժամանակ, երբ ես Արթուր Սարգսյանի գործը պատրաստվում եմ ներկայացել ՄԻԵԴ»:

            Ելույթի ժամանակ Եգորյանն անդրադարձավ, որ զարմանում է, թե ինչպես է այս գործը հասել այն փուլին, որ քննեն՝ իր նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնե՞լ, թե՞ ոչ:

Բացատրական ճառն ընդհատեց խորհրդի անդամ Սեդրակ Ասատրյանը, նշելով, որ ժամանակի իզուր վատնում է տեղի ունենում.

«Պարոն Եգորյան, Դուք արդեն երկու ժամ է խոսում եք, սակայն, բուն խնդրին դեռևս չեք անդրադարձել: Մենք այստեղ անընդհատ սպասում ենք Ձեզնից լսել ընդամենը մեկ հարցի պատասխան՝ դիմե՞լ եք արդյոք ինչ-որ ատյանների՝ դատարան, դատախազություն կամ Ձեր մտքով անցած ցանկացած մի տեղ, ներկայացնելով Արթուր Սարգսյանի վիճակը, հիվանդությունը և պահաջել կալանքի փոխարինում»,- ինչին ի պատասխան, Եգորյանը նշեց, որ ընդամենը 15 րոպե է խոսում և բոլոր հարցերին էլ կանդրադառնա, սպասել է պետք:

            Իրավիճակը մի փոքր լարվեց, երբ բացատրական ելույթի ժամանակ, Եգորյանը դիմումատուների բողոքը համարեց «մարտնչող տգիտություն», որից հետո նիստը նախագահող Կարեն Մեջլումյանը խնդրեց հարգալից լինել կողմերի նկատմամբ:

«Ես հույս ունեի, որ պալատ դիմած անձը Վիքիպեդիայի մակարդակով ծանոթանած կլինի այդ հիվանդությանը, որ մի քիչ հիվանդության անվանումից այն կողմ պատկերացում կունենա հիվանդության մասին։ Հենց սա էի ես անվանում մարտնչող տգետություն»,- ասաց Եգորյանը։

            Նիստի ընթացքում Տիգրան Եգորյանն իր փաստերի շրջանակում հրապարակեց նաև Արթուր Սարգսյանի` «Հաց բերող»-ի նամակը, որում մասնավորապես խնդրում է՝ ոչ ոքի չմիջամտել իր և իր փաստաբանների հարաբերություններին, քանի որ իր ցուցումով են նրանք աշխատում.

«Հարգելի՛ ընկերներ, բարեկամներ, ցավով տեղեկացա իմ պաշտպանության անձի վերաբերյալ վերջերս բարձրացված աղմուկի մասին, և այդ ամենին իմ ընտանիքի անդամներին ներգրավելու մասին։ Նախ անհրաժեշտ եմ համարում իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր մտահոգված և անհանգստացած են ինձ համար և իմ գործով, փորձում են ինչ-որ բանով օգտակար լինել։ Սակայն, մի բան պետք է հստակեցվի․ իմ պաշտապանությունն իրականացնում են իմ կողմից ընտրված պաշտպանները, որոնց պրոֆեսիոնալիզմը և աշխատանքի որակն ինձ մոտ կասկած չի առաջացնում»:

Հայտարարության մեջ խոսվում է նաև «Ազատություն և հայրենիք» հիմնադրամի ծավալած գործունեության մասին: Արթուր Սարգյսանը հորդում է ձեռնպահ մնալ որևէ գործողությունից, խորհրդակցել իր պաշտպանյալների հետ քայլ անելուց առաջ.

«Համոզված լինելով, որ հիմնադրամի ներկայացուցիչների գործողությունների նպատակն ինձ վերաբերող հարցում ևս իմ իրավական և առողջական հարցում ազնիվ մտահոգությունն է, խնդրում եմ, պահանջում եմ ցանկացած գործողություն ձեռնարկելուց առաջ խորհրդակցել իմ պաշտպանյալների հետ, անգամ այն դեպքում, եթե Ձեզ դիմում են իմ հարազատները, քանի որ իմ մասին որոշում կայացնողը միայն  և միայն ես եմ»,-նամակը եզրափակում է Արթուր Սարգսյանը:

Բացատրական ճառից հետո, Տիգրան Եգորյանը ներկայացրեց փաստերի և ապացույցների փաստաթղթերը, կցելով նաև երկու սկավառակ՝ Արթուր Սարգսյանի հարցազրույցը և նրա ընտանիքի հետ հարցազրույցը: Ներկաներին ասաց, որ մնացած փաստերը ևս կարող է ներկայացնել, սակայն, դրանք արդեն պարունակում են փաստաբանական գաղտնիքներ և բացահայտումը կարող է խանգարել Եվրոպական դատարան դիմելու գործընթացին: Խորհրդի նախագահ Մեջլումյանն առաջարկեց նիստը շարունակել դռնփակ։ Եգորյանը, սակայն, նշեց,  որ դռնփակ նիստի ժամանակ կներկայացնի գաղտնի փաստերը միայն այն դեպքում, եթե սենյակում չլինեն դիմումատուներ Արուսյակ Վարդանյանը, նրա հայր՝ Ֆելիքս Հայրապետյանը, նախկին լրագրող՝ Թեհմինե Ենոքյանը, հիմնադրամի ներկաները և խորհրդի այն անդամները, որոնց նա ժամանակին բացարկի միջնորդություն է ներկայացրել:

Դռնփակ նիստի անհրաժեշտություն կարծես թե չեղավ:

            Երկար բացատրական ճառից հետո, դիմող Արուսյակ Հայրապետյանն ասաց, որ միջնորդություն ունի ներկայացնելու՝ գործով վկա հրավիրելու Բայանդուր Պողոսյանին: Եգորյանի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանն առարկեց միջնորդությանը, նշելով, որ Բայանդուր Պողոսյանն ամբողջ ժամանակ նիստին ներկա է եղել: Ներկայացուցչի հետ մի քանի վայրկյան զրույցից հետո, Եգորյանը համաձայնվեց, որ հաջորդ նիստին վկա լինի Բ. Պողոսյանը, հավելելով, որ այդ դեպքում ինքը ևս ունի վկայի միջնորդություն.

«Գործը շատ չերկարացնելու համար մենք նպատակահարմար չէինք գտել վկա ներգրավվելու, սակայն, եթե իրավիճակը փոխվում է, ապա ներկայացնում եմ միջնորդություն՝ Անի Կաղինկյանին ընդգրկել որպես վկա: Ինչպես նաև, իմ գործընկեր, Արթուր Սարգսյանի մյուս պաշտպան Վահե Գրիգորյանը հայտնեց, որ հարկ եղած դեպքում «Skype»-ի միջոցով կարող է վկայություն տալ»:

Այս միջնորդությունը բորբոքեց Արուսյակ Հայրապետյանին, որին ի պատասխան խորհրդի անդամ Հարություն Հարությունյանը հարց ուղղեց Արուսյակին, թե արդյո՞ք ինչ-որ կոնֆլիկտ կա իր և Անի Կաղինյանի միջև.

«Անձնական կոնֆլիկտ չկա, ուղղակի Անին նախկինում եղել է մեր հիմնադրամից, միշտ կասկածելի է թվացել մեզ, դրա համար նպատակահարմար չեմ գտնում, որ նա որպես վկա հանդես գա»,- իր խոսքը եզրափակեց դիմող կողմը:

            Հանձնաժողովը ընդմիջում հայտարարեց՝ քննարկելու ներկայացված միջնորդությունները և հաջորդ նիստի օրը:

            Միջնորդությունները բավարարվեցին, հաջորդ նիստը կշարունակվի վկաներ Բայանդուր Պողոսյանի և Անի Կաղինյանի անմիջական մասնակցությամբ:

 Նյութը՝ Ռոզա Վարդանյանի

Մեկնաբանություններ

Պիտակներ, , , , ,

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: