Բրյուսել

Արցախի ժողովրդի կամքն ուղղակի չի կարող անտեսվել. քաղաքագետ

Հուլիսի 11-ին Բրյուսելում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի նախաձեռնությամբ, որին ներկա էին նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ 

 Հանդիպման ընթացքում շարունակվել էին ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման շուրջ քննարկումները:

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել էր շփման գծում իրավիճակի կայունացման անհրաժեշտությունն ու այդ նպատակով շեշտել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը:

«Անկախ արձանագրած արդյունքից, արտգործնախարարների այս հանդիպումն անչափ կարևոր էր, չնայած այն հանգամանքին, որ ապրիլյան պատերազմից հետո դժվար էր ընթանում բանակցությունների գործընթացը: Շատ ողջունելի է, որ այժմ բոլորը հասկանում են գերագույն խնդիրը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի գերակա լինելը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

Եռանախագահներն Էդվարդ Նալբանդյանին և Էլմար Մամադյարովին խնդրել էին նախագահներին փոխանցել իրենց առաջարկն այս տարվա ընթացքում գագաթաժողովի կազմակերպման վերաբերյալ։ Որից հետո, պայմանավորվածություն էր ձեռք բերվել արտգործանախարարների հաջորդ հանդիպումը կազմակերպել սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում։

 «Պետք է նկատի առնվի Արցախի ժողովրդի կամքը և տեսակետը, այն ուղղակի չի կարող անտեսվել,- այս մասին հստակ հայտարարել էր Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը»,-շեշտում է բանախոսը:

Պարոն Իսագուլյանը ևս կարևորեց այս դիրքորոշումը, նշելով, որ այս մասին այժմ հայտարարում են բոլորն անխտիր.

«Հայաստանի համար շատ կարևոր է, որ Արցախի Հանրապետությունն ուղղակի մասնակցի բանակցություններին։ Ես կարծում եմ, որ սա ժամանակի խնդիր է և անպայման կլուծվի: Սակայն, բոլոր այն տեսակետները, որ Հայաստանը շատ խիստ պետք է դնի այն հարցը, որ առանց արցախյան կողմի ինքը չի գնա բանակցությունների, ինձ համար մարտավարական շատ կոպիտ սխալ է: Հայաստանն այսօր կարողանում է շփման գծում հրադադարի ռեժիմը պաշտպանել, դա արդեն իսկ շատ լավ է», -ասաց Իասգուլյանը:

Հանդիպման վերջում քաղաքագետը նշեց, որ այսքան ժամանակ դեռ չի եղել այնպիսի հարց, որը բարձրացված լինի Արցախի իշխանությունների կողմից, և Հայաստանը ինչ-որ չափով լուծում տված չլինի.

«Հայաստանն այսօր մեծ օժանդակություն է ցույց տալիս Արցախին, ուղղակի բաներ կան, որ չեն բարձրաձայնվում և այդպես էլ պետք է լինի»:

Նյութը՝ Ռոզա Վարդանյանի

Մեկնաբանություններ

Պիտակներ, , , ,

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: